2007 Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՅԹԻ ՇՈՒԿԱՅԻ<br /> ԱԺԻՈՏԱԺԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԷՏԵՐԻ ՍՊԵԿՈՒԼԵԱՏԻՒ<br /> ՎԱՐՔԱԳԾԻ, ՆԱԵՒ ՈՐՈՇ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿՈՎ ԽՈՇՈՐԱԾԱՒԱԼ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔ ԷՐ<br />


2007 Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՅԹԻ ՇՈՒԿԱՅԻ
ԱԺԻՈՏԱԺԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԷՏԵՐԻ ՍՊԵԿՈՒԼԵԱՏԻՒ
ՎԱՐՔԱԳԾԻ, ՆԱԵՒ ՈՐՈՇ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿՈՎ ԽՈՇՈՐԱԾԱՒԱԼ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔ ԷՐ

  • 10-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի նոյեմբերի 23-25-ին Հայաստանի արտարժութային շուկայում արձանագրուել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ՀՀ Կենտրոնական բանկը յայտարարել էր, որ անցկացուած ստուգումների արդիւնքները կհրապարակուեն ընտրութիւններից յետոյ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, անցկացուած ուսումնասիրություններով պարզուել է, որ այդ օրերին տեղի ունեցածն արդիւնք էր շուկայում գործող որոշ բանկերի, փոխանակման կէտերի սպեկուլեատիւ բնոյթի վարքագծի, ինչպէս նաեւ մի քանի գործարար անձանց կողմից արտարժոյթի խոշորածաւալ կանխիկ գործարքների: Նշուած ժամանակահատուածում շուկայում գործող բանկերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն` իջեցնելով այն մինչեւ 280 դրամ: Յիշեալ բանկի մասնաճիւղը Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում ցածր փոխարժեքով իրականացնելով արտարժոյթի առք, նպաստել է նոյն պողոտայի վրայ (մօտ 100 մ հեռաւորութեան վրայ) գործող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում քաղաքացիների հերթերի կուտակմանը: Իսկ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն էլ իր հերթին զերծ չի մնացել ցածր փոխարժեքով ԱՄՆ դոլարի առքից եկամուտ հավաքագրելուց` սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 291 դրամ փոխարժէք: Նոյն փողոցի վրայ, մի քիչ աւելի հեռու (մէկ խաչմերուկ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 300 դրամ փոխարժէք` աւելի մեծ հերթեր է կուտակել իր մօտ: Այս փաստի կապակցութեամբ ԿԲ-ն, ի թիւս այլ անհրաժեշտ միջոցառումների, ստուգում է իրականացրել «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ում` ուշադրութեան կենտրոնում պահելով արտարժոյթի առք ու վաճառքին վերաբերող բոլոր գործառոյթներն ու գործընթացները: Յայտնաբերուել են նշուած ոլորտը կանոնակարգող ակտերի կատարման խախտումներ, որի արդիւնքում բանկի նկատմամբ կիրառուել են պատժամիջոցներ, այդ թւում, ժամանակաւորապէս դադարեցուել է արտարժոյթի առք ու վաճառքի ոլորտում ակտիւ գործունէութիւն ծաւալող մասնաճյուղերից մէկի գործունէութիւնը: Մնացած մասնաճիւղերի մասով բանկին տրուել են յանձնարարականներ` դրանց նկատմամբ վերհսկողությունն ուժեղացնելու ուղղութեամբ: Որոշում է կայացուել երկամսյա ժամկէտում նշուած յանձնարարականները բանկի կողմից չկատարելու կամ թերի կատարելու դէպքում դադարեցնել նաեւ բանկի մնացած մասնաճիւղերի գործունէութիւնը: Բանկին նաեւ տրուել է յանձնարարական իր գործունէութիւնը վերանայելու եւ նոր ծրագիր ներկայացնելու վերաբերեալ, որը կսահմանի բանկի եւ վերջինիս տարածքային ստորաբաժանումների կողմից արտարժութային փոխարկումները որպէս բանկի գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը որդեգրելուց ձեռնպահ մնալու քաղաքականութիւն, ինչը պէտք է որ հանգեցնի բանկի ընդհանուր եկամուտներում արտարժութային փոխարկումներից ստացւող եկամուտների տեսակարար կշռի նուազմանը: («Պրոմեթեյ» բանկի նկատմամբ կիրառուած պատժամիջոցի վերաբերեալ որոշումը տեղադրուած է ՀՀ ԿԲ-ի www.cba.am կայքում): Արձանագրուել են որոշ բանկերի («Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Արարատ բանկ» ԲԲԸ) եւ միմեանց հետ փոպկապակցված հանդիսացող ֆիզիկական անձ յաճախորդների միջեւ ԱՄՆ դոլարով իրականացուած մասնատված կանխիկ գործառնութիւններ: Նշուած անձանց մի մասը շուկայում ճանաչուած են որպէս նախկին փոխանակման կէտերի աշխատակիցներ: Պէտք է նշել, որ այս խմբերի գործարքները դիտարկուող ժամանակահատուածում կրկնուել են ամէն օր: Նշուած անձանց վերաբերեալ ամփոփուած տեղեկատուութիւնը յետագայ քննութեան նպատակով ԿԲ-ի կողմից ներկայացուել է իրավապահ մարմիններին: 2007թ.-ի նոյեմբերի 19-23-ին բանկային համակարգում արձանագրուել են ԱՄՆ դոլարով խոշոր գումարների կանխիկացման դէպքեր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար գումարի յետագայ «ճակատագիրը» ԿԲ-ի տրամադրության տակ առկայ տեղեկատության շրջանակներում հնարաւոր չէ որոշել: «Յունիբանկ» ՓԲԸ-ում եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող խոշոր ձեռնարկատիրական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների կողմից կատարուել են ԱՄՆ դոլարով կանխիկ մուտքերի եւ ելքերի խոշոր գործառնութիւններ, որոնք մշտական բնոյթ են ունեցել: Միաժամանակ, արձանագրուել են նոյն բանկերի յաճախորդ ֆիզիկական անձանց կողմից իրականացրած արտարժութային մուտքերի եւ ելքերի խոշոր գործառնութիւններ, որոնք, ըստ ՀՀ ԿԲ-ի կողմից կատարուված վերլուծութեան արդիւնքների, մեծ հաւանականութեամբ սպասարկում են ձեռնարկատիրական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների ստուերային շրջանառութիւնը: Այդ նիւթերը ներկայացուել են հարկային պետական ծառայութեանը: Դիտարկուող ժամանակահատուածում գործող փոխանակման կէտերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել են «Արմէնիա հիւրանոցային համալիրը»` առքի փոխարժեքը 274 դրամ, «Կերամիկա» ՍՊԸ-ն` 275 դրամ, «ՓԻ ԷՍ ԱՌ» ՍՊԸ-ն («Անի» հիւրանոց)` 275 դրամ: Ըստ ՀՀ ԿԲ-ի, ընդհանուր առմամբ, այս ընկերութիւնները միշտ էլ աչքի են ընկնում այսպիսի վարքագծով, եւ շուկայում ամենացածր փոխարժեքները սահմանւում են վերջիններիս կողմից: Իսկ ինչ վերաբերում է այլ փոխանակման կետերին, ապա ամենացածր փոխարժեքը սահմանուել է 276 դրամ («Վալլետա» ՍՊԸ): Ինչպէս «Վալլետա» ՍՊԸ-ում, այնպէս էլ մի շարք փոխանակման կէտերում ԿԲ-ի համապատասխան վարչութեան կողմից իրականացուած ստուգումների արդիւնքում արձանագրուել են բազմաթիւ խախտումներ, այդ թւում` գործարքը հավաստող անդորրագրերի չտարամադրում, դրամարկղում առկայ փաստացի մնացորդի եւ հաշուառուող գումարի շեղում: Այս եւ այլ տիպի խախտումների համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառուել են պատժամիջոցներ. տուգանքներ (50 000 դրամից մինչեւ 750 000 դրամ): 7 փոխանակման կէտերի արտարժոյթի առք ու վաճառքի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու վարույթներն ընթացքի մէջ են:
  -   Տնտեսութիւն