2007 Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՅԻ<br /> ԱԺԻՈՏԱԺԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ<br /> ՎԱՐՔԱԳԾԻ, ՆԱԵՎ ՈՐՈՇ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿՈՎ ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ<br />


2007 Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՅԻ
ԱԺԻՈՏԱԺԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ
ՎԱՐՔԱԳԾԻ, ՆԱԵՎ ՈՐՈՇ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿՈՎ ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ

  • 10-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի նոյեմբերի 23-25-ին Հայաստանի արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, անցկացված ուսումնասիրություններով պարզվել է, որ այդ օրերին տեղի ունեցածն արդյունք էր շուկայում գործող որոշ բանկերի, փոխանակման կետերի սպեկուլյատիվ բնույթի վարքագծի, ինչպես նաեւ մի քանի գործարար անձանց կողմից արտարժույթի խոշորածավալ կանխիկ գործարքների: Նշված ժամանակահատվածում շուկայում գործող բանկերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն` իջեցնելով այն մինչեւ 280 դրամ: Հիշյալ բանկի մասնաճյուղը Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում ցածր փոխարժեքով իրականացնելով արտարժույթի առք, նպաստել է նույն պողոտայի վրա (մոտ 100 մ հեռավորության վրա) գործող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում քաղաքացիների հերթերի կուտակմանը: Իսկ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն էլ իր հերթին զերծ չի մնացել ցածր փոխարժեքով ԱՄՆ դոլարի առքից եկամուտ հավաքագրելուց` սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 291 դրամ փոխարժեք: Նույն փողոցի վրա, մի քիչ ավելի հեռու (մեկ խաչմերուկ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 300 դրամ փոխարժեք` ավելի մեծ հերթեր է կուտակել իր մոտ: Այս փաստի կապակցությամբ ԿԲ-ն, ի թիվս այլ անհրաժեշտ միջոցառումների, ստուգում է իրականացրել «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ում` ուշադրության կենտրոնում պահելով արտարժույթի առք ու վաճառքին վերաբերող բոլոր գործառույթներն ու գործընթացները: Հայտնաբերվել են նշված ոլորտը կանոնակարգող ակտերի կատարման խախտումներ, որի արդյունքում բանկի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, այդ թվում, ժամանակավորապես դադարեցվել է արտարժույթի առք ու վաճառքի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնաճյուղերից մեկի գործունեությունը: Մնացած մասնաճյուղերի մասով բանկին տրվել են հանձնարարականներ` դրանց նկատմամբ վերհսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Որոշում է կայացվել երկամսյա ժամկետում նշված հանձնարարականները բանկի կողմից չկատարելու կամ թերի կատարելու դեպքում դադարեցնել նաեւ բանկի մնացած մասնաճյուղերի գործունեությունը: Բանկին նաեւ տրվել է հանձնարարական իր գործունեությունը վերանայելու եւ նոր ծրագիր ներկայացնելու վերաբերյալ, որը կսահմանի բանկի եւ վերջինիս տարածքային ստորաբաժանումների կողմից արտարժութային փոխարկումները որպես բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը որդեգրելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն, ինչը պետք է որ հանգեցնի բանկի ընդհանուր եկամուտներում արտարժութային փոխարկումներից ստացվող եկամուտների տեսակարար կշռի նվազմանը: («Պրոմեթեյ» բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցի վերաբերյալ որոշումը տեղադրված է ՀՀ ԿԲ-ի www.cba.am կայքում): Արձանագրվել են որոշ բանկերի («Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Արարատ բանկ» ԲԲԸ) եւ միմյանց հետ փոպկապակցված հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդների միջեւ ԱՄՆ դոլարով իրականացված մասնատված կանխիկ գործառնություններ: Նշված անձանց մի մասը շուկայում ճանաչված են որպես նախկին փոխանակման կետերի աշխատակիցներ: Պետք է նշել, որ այս խմբերի գործարքները դիտարկվող ժամանակահատվածում կրկնվել են ամեն օր: Նշված անձանց վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը հետագա քննության նպատակով ԿԲ-ի կողմից ներկայացվել է իրավապահ մարմիններին: 2007թ.-ի նոյեմբերի 19-23-ին բանկային համակարգում արձանագրվել են ԱՄՆ դոլարով խոշոր գումարների կանխիկացման դեպքեր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար գումարի հետագա «ճակատագիրը» ԿԲ-ի տրամադրության տակ առկա տեղեկատության շրջանակներում հնարավոր չէ որոշել: «Յունիբանկ» ՓԲԸ-ում եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող խոշոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվել են ԱՄՆ դոլարով կանխիկ մուտքերի եւ ելքերի խոշոր գործառնություններ, որոնք մշտական բնույթ են ունեցել: Միաժամանակ, արձանագրվել են նույն բանկերի հաճախորդ ֆիզիկական անձանց կողմից իրականացրած արտարժութային մուտքերի եւ ելքերի խոշոր գործառնություններ, որոնք, ըստ ՀՀ ԿԲ-ի կողմից կատարված վերլուծության արդյունքների, մեծ հավանականությամբ սպասարկում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ստվերային շրջանառությունը: Այդ նյութերը ներկայացվել են հարկային պետական ծառայությանը: Դիտարկվող ժամանակահատվածում գործող փոխանակման կետերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել են «Արմենիա հյուրանոցային համալիրը»` առքի փոխարժեքը 274 դրամ, «Կերամիկա» ՍՊԸ-ն` 275 դրամ, «ՓԻ ԷՍ ԱՌ» ՍՊԸ-ն («Անի» հյուրանոց)` 275 դրամ: Ըստ ՀՀ ԿԲ-ի, ընդհանուր առմամբ, այս ընկերությունները միշտ էլ աչքի են ընկնում այսպիսի վարքագծով, եւ շուկայում ամենացածր փոխարժեքները սահմանվում են վերջիններիս կողմից: Իսկ ինչ վերաբերում է այլ փոխանակման կետերին, ապա ամենացածր փոխարժեքը սահմանվել է 276 դրամ («Վալլետա» ՍՊԸ): Ինչպես «Վալլետա» ՍՊԸ-ում, այնպես էլ մի շարք փոխանակման կետերում ԿԲ-ի համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` գործարքը հավաստող անդորրագրերի չտարամադրում, դրամարկղում առկա փաստացի մնացորդի եւ հաշվառվող գումարի շեղում: Այս եւ այլ տիպի խախտումների համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ. տուգանքներ (50 000 դրամից մինչեւ 750 000 դրամ): 7 փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու վարույթներն ընթացքի մեջ են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play