ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 63 ՍՄ-ՈՎ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է<br />


ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 63 ՍՄ-ՈՎ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

  • 28-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեւանայ լճի մակարդակը տարեսկզբի համեմատ 63 սմ-ով բարձրացել է եւ ներկայ դրութեամբ կազմում է 1898,86 մ: Ինչպէս իր պաշտօնավարման 100-րդ օրը լրանալու կապակցութեամբ սեպտեմբերի 28-ին հրաւիրուած ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեյանը, այս տարի Սեւանայ լճից ջրի բացթողումները սկսուել են յունիսին եւ սեպտեմբերի 26-ի դրութեամբ կազմել 144,4 մլն խմ: Ըստ նրա, լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող 95 հա ջրածածկ անտառածածկ տարածքից մաքրուել է 72 հա-ն: Նախարարը նշեց, որ լճում էնդեմիկ ձկնատեսակներից` գեղարքունիից, ամառային իշխանից եւ կողակից, պոպուլացիայի համալրման նպատակով 2007թ.-ին պետբիւջէից յատկացւող միջոցները աւելացել են 20 մլն դրամով (մօտ 58 հազար ԱՄՆ դոլար) եւ կազմել 29 մլն 995 հազար դրամ: Տարուայ ընթացքում լիճ է բացթողնվել 20 մլն դրամ ընդհանուր արժողութեամբ 15119 հատ 4 գրամից աւելի եւ 84 հազար հատ մանրաձուկ: Ա.Յարութիւնեյանը նշեց նաեւ, որ նախարարութեան Բնապահպանական տեսչությունը ստուգումներ եւ ստուգայցեր է իրականացրել 519 տնտեսավորող սուբյեկտներում, որտեղ արձանագրուել են բնապահպանական 492 խախտումներ: Դրանց վերացման համար տրուել են 198 պարտադիր կատարման յանձնարարականներ, կազմուել են վարչական տուգանքի 347 ակտեր` 22,2 մլրդ դրամի չափով, եւ բնութեանը հասցուած վնասի 118 արձանագրութիւններ` 49 մլն դրամի չափով: Կիրառուած պատժամիջոցներից պետբիւջէ է մուտքագրուել 29,2 մլն դրամ:
  -   Հասարակութիւն