ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 63 ՍՄ-ՈՎ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
28-09-2007 20:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեւանա լճի մակարդակը
տարեսկզբի համեմատ 63 սմ-ով բարձրացել է եւ ներկա դրությամբ
կազմում է 1898,86 մ: Ինչպես իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու
կապակցությամբ սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ
բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այս տարի Սեւանա
լճից ջրի բացթողումները սկսվել են հունիսին եւ սեպտեմբերի 26-ի
դրությամբ կազմել 144,4 մլն խմ: Ըստ նրա, լճի մակարդակի բարձրացման
հետեւանքով ջրի տակ մնացող 95 հա ջրածածկ անտառածածկ տարածքից
մաքրվել է 72 հա-ն:
Նախարարը նշեց, որ լճում էնդեմիկ ձկնատեսակներից`
գեղարքունիից, ամառային իշխանից եւ կողակից, պոպուլացիայի
համալրման նպատակով 2007թ.-ին պետբյուջեից հատկացվող միջոցները
ավելացել են 20 մլն դրամով (մոտ 58 հազար ԱՄՆ դոլար) եւ կազմել 29
մլն 995 հազար դրամ: Տարվա ընթացքում լիճ է բացթողնվել 20 մլն դրամ
ընդհանուր արժողությամբ 15119 հատ 4 գրամից ավելի եւ 84 հազար հատ
մանրաձուկ:
Ա.Հարությունյանը նշեց նաեւ, որ նախարարության Բնապահպանական
տեսչությունը ստուգումներ եւ ստուգայցեր է իրականացրել 519
տնտեսավորող սուբյեկտներում, որտեղ արձանագրվել են բնապահպանական
492 խախտումներ: Դրանց վերացման համար տրվել են 198 պարտադիր
կատարման հանձնարարականներ, կազմվել են վարչական տուգանքի 347
ակտեր` 22,2 մլրդ դրամի չափով, եւ բնությանը հասցված վնասի 118
արձանագրություններ` 49 մլն դրամի չափով: Կիրառված պատժամիջոցներից
պետբյուջե է մուտքագրվել 29,2 մլն դրամ: