ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 63 ՍՄ-ՈՎ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է<br />


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 63 ՍՄ-ՈՎ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

  • 28-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեւանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ 63 սմ-ով բարձրացել է եւ ներկա դրությամբ կազմում է 1898,86 մ: Ինչպես իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու կապակցությամբ սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այս տարի Սեւանա լճից ջրի բացթողումները սկսվել են հունիսին եւ սեպտեմբերի 26-ի դրությամբ կազմել 144,4 մլն խմ: Ըստ նրա, լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող 95 հա ջրածածկ անտառածածկ տարածքից մաքրվել է 72 հա-ն: Նախարարը նշեց, որ լճում էնդեմիկ ձկնատեսակներից` գեղարքունիից, ամառային իշխանից եւ կողակից, պոպուլացիայի համալրման նպատակով 2007թ.-ին պետբյուջեից հատկացվող միջոցները ավելացել են 20 մլն դրամով (մոտ 58 հազար ԱՄՆ դոլար) եւ կազմել 29 մլն 995 հազար դրամ: Տարվա ընթացքում լիճ է բացթողնվել 20 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 15119 հատ 4 գրամից ավելի եւ 84 հազար հատ մանրաձուկ: Ա.Հարությունյանը նշեց նաեւ, որ նախարարության Բնապահպանական տեսչությունը ստուգումներ եւ ստուգայցեր է իրականացրել 519 տնտեսավորող սուբյեկտներում, որտեղ արձանագրվել են բնապահպանական 492 խախտումներ: Դրանց վերացման համար տրվել են 198 պարտադիր կատարման հանձնարարականներ, կազմվել են վարչական տուգանքի 347 ակտեր` 22,2 մլրդ դրամի չափով, եւ բնությանը հասցված վնասի 118 արձանագրություններ` 49 մլն դրամի չափով: Կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 29,2 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play