Չինաստանին առաջարկուել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու<br /> շինարարութեանը<br />


Չինաստանին առաջարկուել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու
շինարարութեանը

  • 17-12-2008 22:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Չինաստանում գտնուող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութեանը Պեկինում ընդունել է ՉԺՀ Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտէի փոխնախագահ Լի Ցզյանգոն: Հանդիպման ժամանակ Հ.Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը եւ Չինաստանը յաջողութիւններ են արձանագրել քիմիայի, էներգետիկայի, գիւղատնտեսութեան, գիտութեան ու տեխնիկայի, ռազմատեխնիկական, գիտամշակութային ոլորտների համագործակցութեան ծրագրերում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցի ՀՀ ԱԺ Հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հ.Աբրահամեանի եւ ՉԺՀ Պետական խորհրդի նախագահ Լի Կենցզյանի հետ հանդիպման առանցքում հայ-չինական տնտեսական կապերի խորացման խնդիրներն էին: ՀՀ Աժ նախագահը նշել է, որ արագ տեմպերով աճում են երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալները, որոնց պահպանման դէպքում երկու տարուց Չինաստանը կդառնայ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մէկը: Նա նաեւ նշել է, որ Չինաստանին է փոխանցուել Հայաստանը Իրանին միացնող երկաթուղու շինարարութեան տեխնիկատնտեսական զեկոյցը, որպէսզի ՉԺՀ կառավարութիւնն ուսումնասիրի իր մասնակցութեան հնարաւորութիւնը նախագծին: Հ.Աբրահամեանը կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ օդային կապի ստեղծումը, որը մեծապէս կնպաստի տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը: Նա նաեւ կարեւորել է չինական ZTE ընկերութեան գործունէութիւնը Հայաստանում եւ չինական էներգետիկ ընկերութիւնների մասնակցութիւնը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպէս նաեւ համագործակցութիւնը քիմիական արդիւնաբերութեան ոլորտում, մասնաւորապէս, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկութեան գործունէութիւնը, որը ստեղծում է Հայաստանում համատեղ գիտաարտադրական հաստատութիւն հիմնելու հնարաւորութիւն: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալութիւն է յայտնել ՉԺՀ պետական խորհրդի փոխնախագահ Լի Կեցյանին` Չինաստանի կառավարութեան կողմից Հայաստանին ամենամեայ անհատոյց օգնութեան տրամադրման համար: Մասնաւորապէս, ցանկութիւն է յայտնուել, որ այս տարի Հայաստանին յատկացուած 20 միլիոն յուանի շրջանակներում Հայաստանին տրամադրվի հրշեջ տեխնիկա ու մարզական գոյք դպրոցների համար:
  -   Տնտեսութիւն