Չինաստանին առաջարկվել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու<br /> շինարարությանը<br />


Չինաստանին առաջարկվել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու
շինարարությանը

  • 17-12-2008 22:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Չինաստանում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Պեկինում ընդունել է ՉԺՀ Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն: Հանդիպման ժամանակ Հ.Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը եւ Չինաստանը հաջողություններ են արձանագրել քիմիայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ու տեխնիկայի, ռազմատեխնիկական, գիտամշակութային ոլորտների համագործակցության ծրագրերում: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցի ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ.Աբրահամյանի եւ ՉԺՀ Պետական խորհրդի նախագահ Լի Կենցզյանի հետ հանդիպման առանցքում հայ-չինական տնտեսական կապերի խորացման խնդիրներն էին: ՀՀ Աժ նախագահը նշել է, որ արագ տեմպերով աճում են երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները, որոնց պահպանման դեպքում երկու տարուց Չինաստանը կդառնա Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը: Նա նաեւ նշել է, որ Չինաստանին է փոխանցվել Հայաստանը Իրանին միացնող երկաթուղու շինարարության տեխնիկատնտեսական զեկույցը, որպեսզի ՉԺՀ կառավարությունն ուսումնասիրի իր մասնակցության հնարավորությունը նախագծին: Հ.Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ օդային կապի ստեղծումը, որը մեծապես կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կարեւորել է չինական ZTE ընկերության գործունեությունը Հայաստանում եւ չինական էներգետիկ ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ համագործակցությունը քիմիական արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեությունը, որը ստեղծում է Հայաստանում համատեղ գիտաարտադրական հաստատություն հիմնելու հնարավորություն: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ պետական խորհրդի փոխնախագահ Լի Կեցյանին` Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ամենամյա անհատույց օգնության տրամադրման համար: Մասնավորապես, ցանկություն է հայտնվել, որ այս տարի Հայաստանին հատկացված 20 միլիոն յուանի շրջանակներում Հայաստանին տրամադրվի հրշեջ տեխնիկա ու մարզական գույք դպրոցների համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play