Չինաստանին առաջարկուել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու
շինարարութեանը
17-12-2008 22:05:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Չինաստանում
գտնուող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի գլխաւորած
պատուիրակութեանը Պեկինում ընդունել է ՉԺՀ Համաչինական Ժողովի
Մշտական Կոմիտէի փոխնախագահ Լի Ցզյանգոն: Հանդիպման ժամանակ
Հ.Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը եւ Չինաստանը յաջողութիւններ
են արձանագրել քիմիայի, էներգետիկայի, գիւղատնտեսութեան,
գիտութեան ու տեխնիկայի, ռազմատեխնիկական, գիտամշակութային
ոլորտների համագործակցութեան ծրագրերում:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցի ՀՀ ԱԺ Հասարակայնութեան հետ կապերի
վարչութիւնից, Հ.Աբրահամեանի եւ ՉԺՀ Պետական խորհրդի նախագահ Լի
Կենցզյանի հետ հանդիպման առանցքում հայ-չինական տնտեսական կապերի
խորացման խնդիրներն էին: ՀՀ Աժ նախագահը նշել է, որ արագ տեմպերով
աճում են երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալները, որոնց պահպանման
դէպքում երկու տարուց Չինաստանը կդառնայ Հայաստանի հիմնական
առեւտրային գործընկերներից մէկը:
Նա նաեւ նշել է, որ Չինաստանին է փոխանցուել Հայաստանը Իրանին
միացնող երկաթուղու շինարարութեան տեխնիկատնտեսական զեկոյցը,
որպէսզի ՉԺՀ կառավարութիւնն ուսումնասիրի իր մասնակցութեան
հնարաւորութիւնը նախագծին: Հ.Աբրահամեանը կարեւորել է Հայաստանի
եւ Չինաստանի միջեւ օդային կապի ստեղծումը, որը մեծապէս կնպաստի
տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը: Նա նաեւ կարեւորել է
չինական ZTE ընկերութեան գործունէութիւնը Հայաստանում եւ չինական
էներգետիկ ընկերութիւնների մասնակցութիւնը Հայաստանի
էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպէս նաեւ համագործակցութիւնը
քիմիական արդիւնաբերութեան ոլորտում, մասնաւորապէս,
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկութեան գործունէութիւնը, որը
ստեղծում է Հայաստանում համատեղ գիտաարտադրական հաստատութիւն
հիմնելու հնարաւորութիւն: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահը
շնորհակալութիւն է յայտնել ՉԺՀ պետական խորհրդի փոխնախագահ Լի
Կեցյանին` Չինաստանի կառավարութեան կողմից Հայաստանին ամենամեայ
անհատոյց օգնութեան տրամադրման համար: Մասնաւորապէս, ցանկութիւն
է յայտնուել, որ այս տարի Հայաստանին յատկացուած 20 միլիոն յուանի
շրջանակներում Հայաստանին տրամադրվի հրշեջ տեխնիկա ու մարզական
գոյք դպրոցների համար: