Լոռու մարզի Կաթնառատ համայնքում բռնկած թեյլերիոզ հիվանդության հետագա տարածումը կանխվել է


Լոռու մարզի Կաթնառատ համայնքում բռնկած թեյլերիոզ հիվանդության հետագա տարածումը կանխվել է

  • 23-11-2011 20:59:58   |   |  Տնտեսություն
Օրեր առաջ զանգվածային մի շարք լրատվամիջոցներ ահազանգել էին Լոռու մարզի Կաթնառատ համայնքում անհայտ հիվանդությունից անասունների անկման դեպքերի մասին: Նշված հրապարակումներից անմիջապես հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել հիվանդության տարածվածության եւ բնույթի հանգամանքները: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքում առկա է թեյլերիոզ հիվանդության բռնկում, որի արդյունքում հիվանդացած կենդանիներից մեկն անկել է, 8 գլուխ ենթարկվել է հարկադիր սպանդի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներից հետո հիվանդության հետագա տարածումը հնարավոր է եղել կանխել: Ներկայումս իրավիճակը լիովին վերահսկվում է համայնքային եւ տարածաշրջանային մասնագետների կողմից: Թեյլերիոզը եղջերավոր կենդանիների տրանսմիսիվ հիվանդություն է: Թեյլերիոզ հարուցիչի նկատմամբ ընկալունակ են համարվում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները: Հիվանդանում են բոլոր տարիքի եւ ցեղի կենդանիները, հատկապես ծանր ընթացք է ունենում 6 ամսական հորթերի մոտ: Հիվանդության փոխանցողները հիմնականում տիզերն են, որոնք առավել ակտիվ են մայիս-հուլիս ամիսներին: Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հիվանդությունը ընթանում է սուր (4-7օր) եւ ենթասուր (մինչեւ 16 օր) եղանակներով, բարձր ջերմությամբ, սիրտ-անոթային համակարգի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներով: Բուժման նպատակով հիվանդ կենդանիներին ներարկում են արյան հակապարազիտար պրեպարատներ, միաժամանակ օգտագործելով սիմպտոմատիկ (կոֆեին, ֆտալազոլ, վիտամին Բ12 եւ այլն) դեղամիջոցներ: Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ թեյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցվում, եւ այն վտանգավոր չէ նաեւ մարդու կողմից հիվանդ կենդանու մսեղիքը, համապատասխան ջերմային մշակումից հետո, օգտագործելու դեպքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play