Երևանում է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը


Երևանում է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը

  • 15-11-2012 12:16:42   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»: Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում: Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը: Էդգարս Ռինկեւիչսը ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները եւ վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում եւ այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական հռետորաբանությամբ եւ ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետեւանքով, ինչն արձանագրել են նաեւ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play