2010թ.-ին խմելու եւ ոռոգման ջրի համար գանձվել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ.-ի 16 մլրդ 850 դրամի փոխարեն<br />


2010թ.-ին խմելու եւ ոռոգման ջրի համար գանձվել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ.-ի 16 մլրդ 850 դրամի փոխարեն

  • 14-01-2011 19:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեում հունվարի 14-ին անցկացված խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2010թ. կատարված աշխատանքները եւ 2011թ. ծրագրերը: Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ, անցած տարի զգալի աշխատանքներ են իրականացվել ոլորտում ջրային համակարգերի վերականգնման, ջրամատակարարման տեւողության ավելացման, ջրամատակարարման որակի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով: Խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարված ջրի դիմաց 2010թ. գանձվել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ. 16 մլրդ 850 դրամի փոխարեն: Խմելու ջրի դիմաց հավաքագրումներն ավելացել են 1,5 մլրդ դրամով. գաձնվել է 15 մլրդ 173 դրամ (կամ հասույթի 96,3 տոկոսը)` նախորդ տարվա 13 մլրդ 633 մլն դրամի փոխարեն: Ոռոգման ջրի մասով հավաքագրումներն ավելացել են 344,8 մլն դրամով. գանձվել է 3 մլրդ 561 մլն դրամ (կամ հասույթի 81,7 տոկոսը)` նախորդ տարվա 3 մլրդ 214 մլն դրամի փոխարեն: Պետական բյուջե է փոխանցվել 5,5 մլրդ դրամ` նախորդ տարվա 5 մլրդ 470 մլն-ի դիմաց: Երեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21,1 ժամ` նախորդ տարվա 20,4 ժամվա փոխարեն: Տարվա ընթացքում խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման տարածքում տեղադրվել է եւս 19400 ջրաչափ: Այսպիսով` ջրաչափ է տեղադրել բաժանորդների 86,7 տոկոսը (607 100 ջրաչափ)` նախորդ տարվա 83,9 տոկոսի (587 700 ջրաչափ) դիմաց: 2010թ. կառուցվել է ընդհանուր առմամբ 901 կմ խողովակաշար` այդ թվում` 697 կմ խմելու ջրագիծ հանրապետության տարածքում: Կառուցվել է 18, վերանորոգվել 11 օրվա կարգավորիչ ջրմաբար, կառուցվել է խմելու ջրի 6 պոմպակայան, ոռոգման ջրի 20 պոմպակայանի վերականգնումն ընթացքի մեջ է: Նշվեց, որ 2011թ. կոմիտեն կշարունակի ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները, որոնք ուղղված կլինեն հանրապետության մի շարք բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը, ջրի կորուստների կրճատմանը, խմելու ջրի որակի բարձրացմանը: Տարվա գերակա խնդիրներից է նաեւ ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացումը` նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով: Կիրականացվեն նաեւ Սեւանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները: 2011թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաեւ Մարմարիկի ջրամբարը: Տեղեկացվեց, որ կշարունակվեն ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների եւ ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները: Մասնավորապես, առաջնահերթ են «Երեւան ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների հետ իրավապայմանագրային հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը: Ա.Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ այս հարցերում կառուցողական համագործակցություն է ծավալվում Համաշխարհային բանկի հետ: Նա կարեւորեց նույն արդյունավետությամբ ու որակով այն ծրագրերի կատարումը, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, գերմանական KfW բանկի, միջազգային այլ կազմակերպությունների հետ: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Ա.Գեւորգյանը հատուկ կարեւորեց ոլորտում հավաքագրումների պատշաճ մակարդակով իրականացումը: Նա դժգոհություն հայտնեց ջրօգտագործողների որոշ ընկերությունների` մասնավորապես «Մասիս» ՋՕԸ-ի հավաքագրումների արդյունքներից: Նշվեց, որ այդ ուղղությամբ դեռեւս անելիքներ կան «Քարակերտ» եւ «Թալին» ՋՕԸ-երում: Ա.Գեւորգյանը հանձնարարեց նաեւ 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել այն սպառողների ցուցակը, որոնց ոռոգման ջրի պարտքը գերազանցում է 200 հազար դրամը: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ 2011թ. նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրերի ամբողջությամբ եւ որակով իրականացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն