Մոսկվայի գրախանութները ողողված են հակահայկական
բովանդակությամբ ադրբեջանական գրքերով,- ասում է ռուս քաղաքագետը
20-01-2010 16:42:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի գրախանութները
ողողված են ադրբեջանական գրքերով, որոնցում պատմվում է «հայերի
ագրեսիաների» մասին եւ փորձ է արվում ապացուցել, թե իբր հայերը
տարածաշրջանում հայտնվել են միայն 19-րդ դարում: Այս մասին
հունվարի 20-ի ասուլիսում հայտնեց ռուս քաղաքագետ Վլադիմիր
Զախարովը: Ըստ նրա, բազմաթիվ մասնագետներ պատրաստ են իրական
փաստերի հիման վրա գրքեր գրել` ներկայացնելով պատմական
ճշմարտությունը, սակայն հովանավորներ չկան: «Ըստ իս,
ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի վերաբերյալ նյութերի
տարածման գործում պետք է լինի պետական քաղաքականություն»,- նշեց
Վ.Զախարովը եւ հավելեց, որ այդ հարցով պետք է զբաղվի անձամբ ՀՀ
նախագահը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ
Դեմոյանի խոսքերով, եթե նախկինում ադրբեջանցիները հակահայկական
թեմայով գրքերը տպում էին Ադրբեջանում եւ վատ որակով, ապա այժմ այդ
կարգի գրականությունը լույս է տեսնում Մոսկվայում եւ ամենաբարձր
մակարդակով: Նա նշեց, որ ոչ միայն հակահայկական, այլեւ երբեմն
հակառուսական բովանդակությամբ այդ գրքերը ոչ ոք չի կարողանում
հանել վաճառքից, քանի որ բիզնեսի օրենքներով տպագրությամբ զբաղվողը
շահագրգռված է վաճառել իր արտադրանքը:
Հ.Դեմոյանը հայտնեց, որ Ադրբեջանում պատրաստվում են կառուցել
«ադրբեջանցիների ցեղասպանության» հուշահամալիր այն վայրում, որտեղ
իրականում թաղված են ադրբեջանցիների կողմից սպանված 200 հայ
մեծահարուստները եւ նրանց ընտանիքների անդամները: Այդ աբսուրդը
հերքելու համար Հայաստանը պատրաստ է ֆինանսապես մասնակցել
աճյունների ԴՆԹ-ի անալիզի անցկացմանը: