Մոսկվայի գրախանութները ողողված են հակահայկական<br /> բովանդակությամբ ադրբեջանական գրքերով,- ասում է ռուս քաղաքագետը<br />


Մոսկվայի գրախանութները ողողված են հակահայկական
բովանդակությամբ ադրբեջանական գրքերով,- ասում է ռուս քաղաքագետը

  • 20-01-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի գրախանութները ողողված են ադրբեջանական գրքերով, որոնցում պատմվում է «հայերի ագրեսիաների» մասին եւ փորձ է արվում ապացուցել, թե իբր հայերը տարածաշրջանում հայտնվել են միայն 19-րդ դարում: Այս մասին հունվարի 20-ի ասուլիսում հայտնեց ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, բազմաթիվ մասնագետներ պատրաստ են իրական փաստերի հիման վրա գրքեր գրել` ներկայացնելով պատմական ճշմարտությունը, սակայն հովանավորներ չկան: «Ըստ իս, ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի վերաբերյալ նյութերի տարածման գործում պետք է լինի պետական քաղաքականություն»,- նշեց Վ.Զախարովը եւ հավելեց, որ այդ հարցով պետք է զբաղվի անձամբ ՀՀ նախագահը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, եթե նախկինում ադրբեջանցիները հակահայկական թեմայով գրքերը տպում էին Ադրբեջանում եւ վատ որակով, ապա այժմ այդ կարգի գրականությունը լույս է տեսնում Մոսկվայում եւ ամենաբարձր մակարդակով: Նա նշեց, որ ոչ միայն հակահայկական, այլեւ երբեմն հակառուսական բովանդակությամբ այդ գրքերը ոչ ոք չի կարողանում հանել վաճառքից, քանի որ բիզնեսի օրենքներով տպագրությամբ զբաղվողը շահագրգռված է վաճառել իր արտադրանքը: Հ.Դեմոյանը հայտնեց, որ Ադրբեջանում պատրաստվում են կառուցել «ադրբեջանցիների ցեղասպանության» հուշահամալիր այն վայրում, որտեղ իրականում թաղված են ադրբեջանցիների կողմից սպանված 200 հայ մեծահարուստները եւ նրանց ընտանիքների անդամները: Այդ աբսուրդը հերքելու համար Հայաստանը պատրաստ է ֆինանսապես մասնակցել աճյունների ԴՆԹ-ի անալիզի անցկացմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play