Եթե դու ողջ աշխարհի կողմից ընկալվում ես իբրև մեկ կրիմինալ պետության կցորդ, քո անվտանգությունն ամեն վայրկյան ոտնահարվելու է.Քաղաքագետ


Եթե դու ողջ աշխարհի կողմից ընկալվում ես իբրև մեկ կրիմինալ պետության կցորդ, քո անվտանգությունն ամեն վայրկյան ոտնահարվելու է.Քաղաքագետ

  • 30-12-2016 17:15:03   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

Չինարիում  հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, դարձյալ արձագանքում է անհասցե։ Միևնույն ժամանակ Պուտինը ստորագրել է ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման հայ-ռուսական համաձայնագրի մասին օրենքը։ Որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված։

Նախևառաջ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեջ փոխհամաձայնություն չկա, մասնավորապես այդ անհամաձայնության կետերից մեկը Հայաստանն է: Հայաստանի լռելյայն համակերպումը բոլոր տիպի ստորացումներին առաջացնում է բռնությունների և անտեսումների հերթական ալիքը։ Մենք պետք է հասկանանք, որ եթե մենք համակերպվում ենք նրա հետ, որ գլխավոր դերակատարում մեզ չի տրվում ՀԱՊԿ-ի գործունեության մեջ, եթե Հայաստան եկած գագաթնաժողովին չի ներկայանում Լուկաշենկոն, իսկ հետագայում Ղրղզստանը հրաժարվում է ստորագրել փաստաթղթեր, ապա հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր պետական շահը։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանը ստրատեգիական շահեր ունենար, բայց, ցավոք, մենք նեղացրել ենք մեր շահերի շրջանակն անվտանգության և  պաշտպանվածության եզրույթից։ Սակայն մենք ամեն վայրկյան ականատես ենք լինում, թե ինչպես է ոտնահարվում հենց այդ կետը, որ Հայաստանի թե տնտեսական և թե ռազմական անվտանգությունը և պաշտպանվածությունը, որը երկար ժամանակ եղել է իբրև հիմնական թիրախ Հայաստանի իշխող կուսակցության կողմից՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ, այժմ ոչ միայն չի գործում, այլ ունենում է իր հակառակ էֆեկտը։

Պարզ չէ՞, որ եթե Հայաստանին մերժում են իր իրավունքները ՀԱՊԿ-ի տիրույթի շրջանակներում, Ադրբեջանը այդ քաղաքական իրողությանն ականջալուր է լինում, և դրան անմիջապես հետևում է ագրեսիան։ Մեղմ ասած, բոլորը հասկանում են, որ Հայաստանին բանի տեղ չեն դնում, որ Հայաստանի իշխանությունն այնքան է վախենում իր իշխանական դիրքի համար, որ կհանդուրժի ցանկացած պետական շահի ոտնահարում։ Հետևաբար Ադրբեջանը, պաշտպանելով իր պետական շահերը, նախահարձակ է լինում։ ՀԱՊԿ-ը արտահայտում է իր մտահոգությունը, և դա հնչում է իբրև ծաղր, քանի որ պաշտպանական իբրև համատեղ կառույցը ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ պետք է բարձրաձայնի միջոցառումների այն ցուցակը, որը պետք է կիրառվի իբրև պատժամիջոց։ Դա կարող է լինել տնտեսական կամ քաղաքական պատժամիջոց, բայց իհարկե Ռուսաստանը նույնիսկ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ, իրար խառնելով Ղարաբաղի և Հայաստանի աշխարհագրական դիրքերը, անորոշություն մտցնելով քաղաքական և ռազմական տերմինաբանության մեջ, շատ անհստակ ձևակերպում է անում։ Այն ոչ ռազմական, ոչ քաղաքական և ոչ էլ քաղաքացիական ձևակերպում է։ Այս ձևակերպումը կարծես սեղանի շուրջը զրույցի ժամանակ արտահայտված մտահոգություն լինի։ ՀԱՊԿ-ն այս «անատամ» ձևակերպմամբ կարծես թե կատարում է իր ֆորմալ  դերը, միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ որևէ գործնական միջոցառման պատրաստ չէ և նաև ցանկություն էլ չունի։ Դրա համար մեզ մոտ հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք որոշակի քայլեր ձեռնարկել, ասենք՝ պահանջենք, որ Հայաստանը ստանձնի լրացուցիչ ղեկավար պաշտոն ՀԱՊԿ-ում, այլապես մենք դուրս կգանք այդ կառույցից, կամ պահանջել նյութական կամ ռազմական փոխհատուցում ՀԱՊԿ-ի անգործության համար, թե՞ մենք շարունակելու ենք այդ լռելյայն կորուստների քաղաքականությունը, որովհետև ապրիլից սկսած, իսկ ավելի շուտ՝ ԵՏՄ մտնելու՝ սեպտեմբերի երեքի որոշումից սկսած՝ մենք սկսել ենք կորուստների քաղաքականության ճանապարհը և այդ ճանապարհը հետևողականորեն շարունակում ենք։ Այդ ճանապարհին համահունչ են թե իշխանությունները և թե որոշակի ընդդիմադիր գործիչներ։ Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, պետականության իմիտացիան, որ մենք ունենք, շատ արագ կդառնա չգոյություն, և մենք նույնիսկ այդ իմիտացիան չենք ունենա։

 

Ըստ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ են անհերքելի ապացույցներ։ Սա կարո՞ղ է արդյոք հասցեական գնահատականների հիմք հանդիսանալ։

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունների մեջ էլ արդեն հասարակությունը տեսնում է որոշակի անվստահության տարրեր։ Այսպես, մինչև հիմա հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել հակառակորդ կողմից, մինչև հիմա անհասկանալի է, թե ինչու հարևան պետության սահմանից մեր պետության սահմանի վրա մենք պետք է ունենանք զինված հարձակում, որովհետև եթե ԼՂ-ի պարագայում դա ինչ-որ բացատրելի աղերսներ ունի, քանի որ կոնֆլիկտի գոտի է, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է, և նրա սահմանները ոտնահարվել են մեկ այլ պետության կողմից։ Դրա արձագանքը պետք է լինի դիվանագիտական շատ հստակ արձագանքը։ Այսինքն՝ մենք այստեղ պետք է պահանջենք և միջազգային հանրության արձագանքը, և ՀԱՊԿ-ի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Այլապես ես չեմ հասկանում՝ մենք ունենք ռուսական ռազմաբազա, արդյոք այդ ռազմաբազան միայն խաղաղ բնակչություն սպանելու համա՞ր է Հայաստանի ներսում, թե՞, այնուամենայնիվ, սահմանի վրա հարձակմանն ինչ-որ արձագանքներ ունենալու համար։

 

Եթե ՀԱՊԿ-ի ներկայությունը Հայաստանում ֆորմալ բնույթ է կրում, արդյոք ՀՕՊ-ի կամ միացյալ զորախմբի դեպքում նույնը չի՞ լինելու։

 

Ոչ, կարծում եմ՝ բնավ ֆորմալ բնույթ չեն ունենալու, դրանք ունենալու են Հայաստանի հետագա հնարավոր բոլոր անկախ զինվորական գործողությունները կանխելու նպատակ։ Եվ կարծում եմ՝ միացյալ զորախումբը և ՀԱՊԿ-ը և մնացած բոլոր միավորումները ստեղծած են, որ կանխեն Հայաստանի պատասխան քայլը, ստեղծված են, որ կանխեն Հայաստանի՝ սեփական պաշտպանվածությունը ձեռնարկելու փորձը, ստեղծված են, որ կանխեն Հայաստանի քաղաքական և պետական անկախության բոլոր ճիգերը։

Հայաստանը պետք է անվտանգության նոր երաշխիքնե՞ր փնտրի։

Հայաստանը այդ առումով նախևառաջ պետք է  սուվերենության երաշխիքներ փնտրի, որովհետև սուվերենությունն է  անվտանգության երաշխիքը, ուրիշ անվտանգության երաշխիք չկա։ Եթե դու ողջ աշխարհի կողմից ընկալվում ես իբրև մեկ կրիմինալ պետության կցորդ, հետևաբար քո անվտանգությունն ամեն վայրկյան ոտնահարվելու է։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ