Հայ-թուրքական հարաբերություններում հեռանկարներ չկան. թուրքագետ


Հայ-թուրքական հարաբերություններում հեռանկարներ չկան. թուրքագետ

  • 13-01-2017 19:44:07   | Հայաստան  |  Քաղաքական

Նախորդ տարին Թուրքիայի համար այնքան ծանր էր, որ 2017-ին մեղմացումներ չեն ակնկալվում: Ամփոփելով թուրքական իշխանությունների 2016 թվականին վարած արտաքին և ներքին քաղաքականությունը` նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
 
Վերջինիս գնահատմամբ` Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները վկայությունն են այն բանի, որ պաշտոնական Անկարայի վարած անկախ քաղաքականությունը ձախողված է և դուր չի գալիս այլ տերություններին:
«Որքան Էրդողանը շարունակի աշխարհից մեկուսացված քաղաքականություն վարել, այնքան Թուրքիայում շարունակական բնույթ կկրեն նմանատիպ ահաբեկչական գործողությունները», - ընդծեց Մ. Խուդավերդյանը:
Անդրադառնալով ռուս-թուրքական փոխհարաբերություններին բանախոսը նշեց, որ չնայած Անկարայում սպանվեց ռուս դեսպան Անդրեյ Կառլովը, այնուամենայնիվ, երկու երկների շփումներում առայժմ միայն բարելավում է նկատվում:
«Ռուսական կողմը դեսպանի սպանությունը որակեց որպես սադրանք և հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրանից չեն տուժելու, ավելին թուրքական կողմը վավերացրեց գազատարի շինարարությունը, որը կանցնի Ռուսաստանով», - փաստեց Մ.Խուդավերդյանը:
Հայ-թուրքական հարաբերություններում թուրքագետն առայժմ հեռանկարներ չի տեսնում: Նրա խոսքերով՝ քանի դեռ Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-ՆԱՏՕ փոխհարաբերություններում հստակություն չկա, Հայաստանի հետ կապերի մասին խոսակցությունները մղված են երկրորդ պլան:
Ինչ վերաբերում է վերջերս թուրքական մամուլում հայտնված տեղեկություններին, որ Անկարան ցանկանում է «պատ» կառուցել Հայաստանի հետ սահմանին, մասնագետը նշեց, որ դրանք դեռևս ճշտման փուլում են:
«Հայաստանի հետ սահմանը գտնվում է այնպիսի վատ վիճակում, որով ոչ մի գործողություն չի իրականացվում», - ասաց նա` կարծիք հայտնելով, որ Հայաստան-Թուրքիա սահմանին պատ կառուցելը կարելի է տեղավորել Իրանի հետ սահմանային պատ ունենալու շարունակության տրամաբանության մեջ:
Բանախոսի գնահատմամբ՝ երկրում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններն Էրդողանի իշխանության կողմից են, քանի որ դրանք տանում են դեպի նախագահական կառավարում:
«Այս առումով կարող ենք նշել, որ թուրք ժողովուրդն իսկապես կանգնած է նախագահի կողքին: Ինչքան էլ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին տեսնում ենք, որ որքան նախագծեր ներկայացվում են ընդդիմության կողմից՝ անցնում են», - փաստեց բանախոսը:
Ըստ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի, եթե մոտ ժամանակներս Էրդողանի ղեկավարությունը չտապալվի, ապա սահմանադրական փոփոխությունների միջոցով միայն կամրապնդվի: 
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական