«Ազատ դեմոկրատները» հետապնդում է Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու տեսլականը. Ստյոպա Սաֆարյան


«Ազատ դեմոկրատները» հետապնդում է Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու տեսլականը. Ստյոպա Սաֆարյան

  • 22-02-2017 15:24:50   | Հայաստան  |  Հասարակություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը կողմ է Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) Հայսատանի դուրս գալուն: Նույն կուսակցության կողմից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը նշյալ փաստը բավարար պատճառ է համարում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատներին» ընտրելու համար:
 
Ըստ նրա` ԵՏՄ-ին միանալով ներկայիս իշխանությունները երկիրը տանում են պատերազմի, ծայր աղքատության, տնտեսական հետընթացի, գործազրկության մեծացման, արտագաղթի, մարդու իրավունքների ոտնահարման: 
«Մեր թիմում հավաքվել են այնպիսի մարդիկ, որոնք ունեն բավականին մեծ փորձառություն և քաղաքականության մեջ, և խորհրդարանում, մասնավորապես,  Խաչատուր Քոքոբելյանը հինգ տարի է` խորհրդարանում է և այն միակ պատգամավորն է, ով ներկայացրեց ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որոշման նախագիծ»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ Խ. Քոքոբելյանը նաև այն պատգամավորներից է, ով իր դիրքորոշմամբ հաստատապես չի հակասել այն քաղաքական գծին, որին իրենք են հարում:   
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահի վստահեցմամբ` «Ազատ դեմոկրատներին» միացած քաղաքական գործիչները` Անահիտ Բախշյանը, Աշոտ Եղիազարյանը, այդ թվում նաև ինքը և շատ այլ մարդիկ Հայաստանի համար հետապնդում են նույն ազատական, եվրոպական տիպի պետություն ստեղծելու տեսլականը: 
Որպես գլխավոր մրցակից` Ս. Սաֆարյանը համարում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը. «Ես միշտ համոզված եմ եղել, որ իշխանափոխության հասնելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի բոլոր ընդդիմադիրները միավորվեն. Իշխանության փոփոխության համար վերին աստիճանի կարևոր է, որ թիմն իսկապես հավատ ներշնչող լինի և առաջարկի այն, ինչի մասին մտածում է ընտրողը»: 
Նրա կարծիքով` չնայած հսկայական ռեսուրսներին` ՀՀԿ-ին հնարավոր է իշխանությունից հեռացնել, իսկ դրան հասնելու համար պետք է հասարակությունը քաջ գիտակցի, որ այս ընտրությունները նոր քաղաքական խաղի կանոններով ընթացող գործընթաց է:
Ս. Սաֆարյանի պնդմամբ՝ կառավարման նոր համակարգի դեպքում  խորհրդարանի որոշիչ դերն ավելին է, քան նախկինում, հետևաբար մեծ փոփոխությունների համար ընտրողները չպետք է տուրք տան մինչ օրս իշխանությունների կողմից հայտարարված բանաձևերին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play