Կրակոցներ Գյումրիում. Տուժածը վերակենդանացման բաժանմունքում է
26-06-2017 13:54:27 | Շիրակի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 25-ին՝ ժամը 22:55-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
Ժամը 23։15-ին Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի մասով ստացած հրազենային վերքերով բուժօգնության է դիմել մի երիտասարդ:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության կողմից դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Նշենք, որ հունիսի 25-ին՝ կեսգիշերին մոտ Գյումրու բժշկական կենտրոն որովայնի մասում ստացած հրազենային վերքերով բուժօգնության դիմած երիտասարդը գիշերը վիրահատվել է, ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Ինքն ուներ թափանցող հրազենային վերք, վնասվել էին աղիները, վիրահատել ենք, դրենավորել, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը»:
Ըստ բժշկի՝ երիտասարդն ինքնուրույն շնչում է, ունի գիտակցություն: