ՀՀ արդարադա տության նախարարությունն իր այս խայտառակ շոուով ուղղակի վարկաբեկեց ինքն իրեն


ՀՀ արդարադա տության նախարարությունն իր այս խայտառակ շոուով ուղղակի վարկաբեկեց ինքն իրեն

  • 09-10-2017 23:55:04   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճում «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով «հանրային քննարկում» էր կազմակերպել, որն իրականում ոչ թե հանրային քննարկում էր, այլ խայտառակ շոու…
Նախարարությունը հիշյալ քննարկման վերաբերյալ իր հրապարակած տեղեկատվությամբ մարդկանց կոչ էր արել մասնակցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով հանրային քննարկմանը և արտահայտել իրենց կարծիքը այս կարևոր թեմայի շուրջ: 
Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ նշված է նաև` «Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները կներկայացնեն և կփոխանակեն կարծիքներ ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծի մասին»: Նշենք, որ տվյալ նախագիծը պաշտոնապես մշակել ու ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Վերոնշյալ պետական կառույցը, սակայն, չեղավ իր խոսքի ու խոստման տերը: Արդարադատության նախարարությունը թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հանրության անդամներին կեղծավորաբար կոչ էր արել մասնակցել հիշյալ քննարկմանը և արտահայտել իրենց կարծիքն այս կարևոր թեմայի շուրջ, ներկայացնել ու փոխանակել կարծիքներ նշված օրենքի նախագծի մասին, սակայն մյուս կողմից օրենքի նախագծին (այժմյան ձևակերպմամբ) դեմ, դրա վտանգավորությունն ու վնասակարությունը փաստարկելու, իրենց հիմնավոր մտահոգություններն արտահայտելու, այդ առումով առկա խնդիրները քննարկելու նպատակով եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հանրության անդամներին զրկել էր իրենց կարծիքն այս իսկապես կարևոր թեմայի շուրջ արտահայտելու հնարավորությունից: Նախարարությունն այդ հնարավորությունը սկզբնապես տվել էր միայն օրենքի նախագիծը գովազդելու, օրենքը խիստ անհրաժեշտ և անվտանգ ներկայացնելու նպատակով եկած արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Արևմուտքի տված դրամաշնորհներով գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նրանց, ընդհանուր առմամբ, շուրջ 45 րոպե տևած 5 ելույթից հետո, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկը օրենքի նախագծի ընդդիմախոսների ավելի վաղ հրապարակված մտահոգություններին գնահատական տվեց` դրանք անհիմն կերպով ներկայացնելով իբրև սին մտահոգություններ, իսկ քննարկումը վարող նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ օրենքի նախագծի ընդդիմախոսներին ելույթի հնարավորություն չի կարող ընձեռել, նրանք կարող են միայն հարցեր տալ, տողերիս հեղինակը, որը գիշերը չքնելով, համապատասխան ելույթ էր նախապատրաստել, հայտարարելով, որ չի եկել լոլոներ լսելու և նախարարության կազմակերպած շոուին մասնակցելու, ցուցադրական կերպով դուրս եկավ դահլիճից: Նախարարության ներկայացուցիչն այդ ընթացքում առաջարկեց դահլիճից դուրս գալ բոլոր նրանց, ովքեր դահլիճը ցուցադրաբար (որպես բողոքի նշան) լքելու ցանկություն ունեն:
Օրենքի նախագծի վտանգավորությունը, ներկայիս տեսքով այն օրենքի վերածելու անթույլատրելիությունը գիտակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մեր հանրության անդամներն այս պահից արդեն արդեն ըմբոստանալով նախարարության այս խայտառակ և հակաժողովրդավարական վարվելակերպի դեմ, բարձրաձայնեցին իրենց բողոքը: Դահլիճում որոշ ժամանակ իրարանցում առաջացավ, լրագրողներն օրենքի նախագծի ընդդիմախոսներին խնդրում էին պատասխանել իրենց հարցերին, որից հետո քննարկումը վարող նախարարության ներկայացուցիչը մասամբ տեղի տալով, նախագծին դեմ արտահայտվողներին առաջարկեց իրենց շարքերից ընտրել 4 հոգու և խոստացավ նրանցից յուրաքանչյուրին տալ 2-3 րոպեանոց ելույթի հնարավորություն:
Սակայն, քանի որ նշված ժամանակը միանշանակ անբավարար էր օրենքի նախագծի թեկուզ հիմնական վտանգները ներկայացնելու համար, դրանք բարձրաձայնելու պատրաստ անձանցից գրեթե բոլորն էլ հրաժարվեցին ելույթից, և ելույթով հանդես եկավ միայն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Վերջինս նշելով, որ քննարկման կազմակերպիչն ամեն պայման ստեղծեց նախագծին դեմ անձանց արտահայտվելու հնարավորությունից զրկելու համար, անցավ իր բուն ասելիքին, որը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:
Ի դեպ, Հայկ Նահապետյանի ելույթից հետո ցանկացավ ելույթ ունենալ նաև նախագծի ընդդիմախոսներից հասարակական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Զաքար Խոջաբաղյանը, որին քննարկումը վարող (մոդերատոր) Մարինե Մանուչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նախապես ելույթի հնարավորություն էր խոստացել: Սակայն, քննարկումը վարողը տեղում մերժեց նրան ելույթի հնարավորություն տալը, և Զաքար Խոջաբաղյանը ստիպված եղավ իր ասելիքը մասամբ ներկայացնել անջատված միկրոֆոնով:
ՀՀ արդարադատության նախարարությունն իր այս խայտառակ գործելակերպով ուղղակի վարկաբեկեց ինքն իրեն և էլ ավելի խորացրեց հիշյալ օրենքի նախագծի, ինչպես նաև իր և օրենքի ընդունմամբ շահագրգիռ, ՀՀ ղեկավարությանը տնային աշխատանք տված եվրոպական համապատասխան կառույցների իրական մտադրությունների վերաբերյալ եղած հիմնավոր կասկածներն ու հասարակական մտահոգությունները:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play