Մեղրիգետի վրա կառուցվող հերթական հէկը զայրացրել է մեղրեցիներին. բողոքող բնակիչները տվել են մի շարք անուններ՝ Հակոբ Թադևոսյան, Աղվան Հովսեփյան, Հրաչ Հովսեփյան... «Հետք» (տեսանյութ)
Մեղրիգետի վրա կառուցվող հերթական հէկը զայրացրել է մեղրեցիներին. բողոքող բնակիչները տվել են մի շարք անուններ՝ Հակոբ Թադևոսյան, Աղվան Հովսեփյան, Հրաչ Հովսեփյան... «Հետք» (տեսանյութ)
31-01-2018 15:52:20 | Սյունիքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am.Մեղրիգետի վրա կառուցվող հերթական հէկը զայրացրել է մեղրեցիներին: Նրանք որոշել են ընդդիմանալ և իրենց դժգոհությունը լսելի դարձնել և հունվարի 23-ին մեղրեցիները փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը:
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հորդորել է հանդիպել հէկի ներկայացուցիչներին և լսել նրանց հիմնավորումները: Հանդիպումը, սակայն, մեղրեցիներին չի համոզել, նրանք լքել են դահլիճը, երբ հէկի փոխտնօրեն Հրաչ Հովսեփյանը հերթական խոստումներն է բարձրաձայնել: Որոշվել է հէկի կառուցումը ժամանակավորապես դադարեցնել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գրին փաուր» ՍՊԸ-ին Մեղրիգետի վրա հէկ կառուցելու լիցենզիա է տրամադրել: Ընկերությունը 2017-2019թթ. պետք է կառուցի ավելի քան 2000 Կվտ հզորությամբ «Մեղրի 2» փոքր հէկը: Հէկի նախագիծը նաև բնապահպանական փորձաքննություն է անցել և ստացել դրական եզրակացություն:
Չնայած բնակիչները բողոքի ակցիայի օրը հայտարարել են, որ որևէ հանրային քննարկում չի եղել, և իրենք չեն մասնակցել, այդուհանդերձ, ԲՆ եզրակացության մեջ նշվում է, որ «օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեության իրականացմանը»: Եզրակացությունը տրվել է 2017թ. հուլիսի 19-ին:
«Գրին փաուր» ՍՊԸ-ն Մեղրիգետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի 1» հէկը՝ 2400 Կվտ հզորությամբ:
Եվս մեկ հէկ՝ ավելի քան 3300 Կվտ հզորությամբ, «Գրին փաուր» ՍՊԸ-ն կառուցում է նաև Մեղրիգետի Տաշտուն վտակի վրա: «Հետք»-ն անդրադարձել է վերջինի կառուցմանը, որի հետևանքով Տաշտուն գետի կեսը հայտնվելու է խողովակաշարի մեջ։
«Գրին փաուր» ՍՊԸ-ի բաժնետերը պաշտոնապես Հակոբ Գրիգորի Թադևոսյանն է: Բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ որպես հէկի սեփականատեր տվել են Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունը, իսկ փոխտնօրեն Հրաչ Հովսեփյանը ներկայացրել է ընկերության ծրագիրը: Ի՞նչ կապ կա Հակոբ Թադևոսյանի եւ Աղվան Հովսեփյանի միջև։
Հակոբ Թադևոսյանը նաև Աղվան Հովսեփյանի կրտսեր որդուն՝ Միսակ Հովսեփյանին, նախկինում պատկանող «Տելիա Մայնինգ» ՍՊԸ–ի բաժնետեր է դարձել այն բանից հետո, երբ մամուլը սկսեց գրել Հովսեփյան ընտանիքին պատկանող բիզնեսների մասին: Հիշեցնենք՝ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ–ն ևս հէկեր կառուցող ընկերություն է, որին արդեն անդրադարձել ենք:
Մեղրիգետը 36 կմ է: Համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ գետի վրա արդեն գործում է 5 հէկ:
«Գրին փաուր» ՍՊԸ-ի «Մեղրի 1» հէկը, հզորությունը՝ 2400 Կվտ, գործում է 2017 թվականից:
Պաշտոնապես բաժնետերը վերոնշյալ անձն է՝ Հակոբ Թադևոսյանը:
«Քյու-հաշ» ՍՊԸ-ի «Մեղրի» հէկ, հզորությունը՝ 840 Կվտ, Մեղրիգետի վրա կառուցված ամենաառաջին հէկն է, գործում է 1999 թվականից: Բաժնետերը Նիկիտա Գրիգորյանն է: Տնօրենը` նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը:
«Սար-Ռուբ» ՍՊԸ-ի «Նժդեհ» հէկը, հզորությունը՝ 1732 Կվտ, գործում է 2012 թվականից:
Բաժնետեր են Ալվարդ Գևորգյանն ու Ժաննա Հովսեփյանը՝ 60 և 40 տոկոս բաժնեմասերով: Ալվարդ Գևորգյանը «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Ազատ Գասպարյանի կինն է: Իսկ Ժաննա Հովսեփյանը՝ ընկերության տնօրեն Բորիկ Սարգսյանի կինը:
«Գելիեգուզան» ՍՊԸ-ի «Կանթեղ» հէկը, հզորությունը՝ 4200 Կվտ, գործում է 2013 թվականից:
Այս հէկի սեփականատերը մխչյանցի Աշոտ Գառնիկի Վարդանյանն է: 2014 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր համագյուղացուն նշանակել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Աշոտ Վարդանյանն այժմ «ԳՏՏԶ» ԾԻԳ-ի տնօրենն է: 2015 թվականի հոկտեմբերից Աշոտ Վարդանյանն ընկերությունում ունեցած իր բաժնեմասը ձևակերպել է որդու՝ Դավիթ Վարդանյանի անունով:
«Ջինջ արփա» ՍՊԸ-ի «Արփա 3» հէկը, հզորությունը՝ 3190 Կվտ, գործում է 2017 թվականից:
Բաժնետերը Էդուարդ Գագիկի Հարությունյանն է:
Հանրագումարի բերելով գործող 5 հէկերի խողովակաշարի երկարությունը` գետի 10 կմ-ն արդեն ծանրաբեռնված է: Եթե գումարենք նաև կառուցվող հէկի շուրջ 2 կմ-ի հասնող խողովակաշարը, ապա Մեղրիգետի 30 տոկոսը, բացի բնապահպանական թողքից, անցնելու է ոչ թե իր բնականոն հունով, այլ՝ խողովակաշարով: