Հայաստանում այլընտրանքային վերականգնողա կան կենտրոնի բացումն առաջնային խնդիր է (տեսանյութ)
26-02-2018 17:34:19 | Հայաստան | Հասարակություն
«Իմ ապագան քո արձագանքն է» խորագրի ներքո օրերս Երևանում կայացած հանրային քննարկումը մեկտեղել էր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, համապատասխան հասարակական կազամակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին:
Օրակարգում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն էին և նրանց հաշմանդամության կարգից զրկելու վերաբերյալ հարցերը:
Ծնողները դժգոհեցին, որ չեն կարողանում ոչ միայն օգտվել հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված որոշ ծառայություններից, այլև Բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովն առանց հիմնավորումների երեխաներին զրկում է հաշմանդամության կարգից:
Դժգոհ ծնողներին ուղղված պատասխանը չուշացավ: ՀՀ Բժշկասոցիալական փորձագիտական (ԲՍՓ) գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Նունե Պետրոսյանը պարզաբանեց.
«Մենք աշխատում ենք ոչ մեր կամայականությամբ: Ունենք Առողջապահության նախարարության և կառավարության հստակ որոշումներ, հանձնարարականներ, ուղեցույցներ և առաջնորդվում ենք այդ ձևով: Հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են ճանաչվում նրանք, ովքեր ունեն որևիցէ օրգան համակարգի ֆունկցիայի չափավոր խանգարում, որը հանգեցնում է երեխայի կենսագործունեության խանգարման կամ սահմանափակումների, իսկ եթե ֆունկցիայի աննշան խանգարում է և չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակման, ապա երեխային հաշմանդամ չենք ճանաչում: Սա որոշ ծնողների մոտ դժգոհություններ է առաջացնում, ինչը բնական է»:
Իր հերթին «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը տեղեկացրեց, որ գործունեության տասը տարիների ընթացքում իրենց կազմակերպությունն աջակցում է Հայաստանում վերականգնողական ծրագրերի իրականացմանը, որն ինչ-ինչ պատճառներով պետությունը չի կարողանում բավարար քանակով ու որակով ապահովել:
Նրա փոխանցմամբ՝ «Էխո» ՀԿ-ն տրամադրում է քայլակներ, այլ օժանդակ սարքավորումներ, հիմնական շեշտը դնելով այլընտրանքային լուծումների վրա, որոնք մատչելի են ու հասանելի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար:
Ս. Օհանջանյանն առաջնային խնդիր է համարում Հայաստանում այլընտրանքային վերականգնողական կենտրոնի բացումը: