Հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները շարունակվում են.Իրավապաշտպանների ահազանգն ու պահանջը
25-04-2018 16:47:05 | Հայաստան | Իրավունք
2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին:
Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և ՀՀ Քրեական օրենսգքի 225.1-րդ հոդվածներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելը) հարուցված քրեական գործը: Այս գործի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-ին ձերբակալվեցին հավաքի ակտիվ մասնակիցներ Արմեն Գրիգորյանը, իսկ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Լևոն Բարսեղյանը կալանավորվեց, իսկ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը «առևանգվեցին» հավաքի վայրից:
Ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվեցին մինչև 11 ժամ առանց որևէ իրավական հիմքի և բացատրության: Ազատազրկված անձանցից շատերը տեղեկացրեցին իրենց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի մասին:
Բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը հարցաքննվեցին կասկածյալի կամ վկայի կարգավիճակով: Ինչպես արդեն ահազանգել էինք քննիչների կողմից նրանց ուղղվում էին 28 հարցից բաղկացած ստանդարտեցված և ուղղորդված հարցեր:
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների՝ ավելի քան 67 մարդ ձերբակալվեց և նրանք անազատության մեջ մնացին ավելի քան 48 ժամ:
Այսպիսով, չնայած ազատության մեջ են «Քայլ արա» շարժման նախաձեռնողները և աջակիցները, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը և դադարեցնել քննչական գործողությունների միջոցով անձանց ապօրինի հետապնդումները:
Միաժամանակ, չնայած բազմաթիվ փաստերին, հաղորդումներին, տեսանյութերին, մինչ այժ հայտնի չեն հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների համար հարուցված քրեական գործերի, նրանց պատասխանատվության ենթարկելու գործողությունների մասին:
Պահանջում ենք՝ անմիջապես քննություն սկսել 2018 թվականի ապրիլի 13-ից 23-ը հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության, առանձին սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների անօրինական գործողությունների մասին: Ինչպես նաև, նախաքննության մարմինների կողմից ապօրինի քրեական գործի հարուցման, ապացույցների փաստերի առթիվ:
Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ առանձին մարզերից ահազանգեր են ստացվում խաղաղ հավաքների մասնակցության ցանկություն ունեցող աշխատողների, մասնավորապես մանկապարտեզների և դպրոցների, աշխատողների նկատմամբ ճնշումների մասին: Վերջիններիս արգելում են դուրս գալ և մասնակցել հավաքներին:
Այս պահին 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը տեխնիկա է կենտրոնացնում Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում:
Գտնում ենք, որ իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից նշված գործողությունները անհամաչափ են և ոչ իրավաչափ, կարող են անհարկի լարվածություն առաջացնել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին քաղաքացիների բազմահազարանոց ցույցը դեպի Ծիծառնակաբերդ ընթացավ առանց որևէ խախտման, ինչը վկայում է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների կողմից բացառիկ օրինապահության մասին:
Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից և իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ հոգեբանական ֆիզիկական ճնշման փորձերից:
Հայտարարությունը պատրաստվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից:
Հայտարարությանը միացած կազմակերպություններ.
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Իրավունքի Ուժ ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Քալրֆուլ Հաուս Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ