ՍԵՈՒԼ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր հարավկորեական
թերթերի եւ հեռուստատեսային ցանցերի աշխատակիցները բողոքի
100-ժամանոց գործադուլ են սկսել իշխանությունների մշակած
զանգվածային լրատվամիջոցների բարեփոխումների կապակցությամբ:
Արհմիությունները պնդում են, որ փոփոխությունները կարող են
հանգեցնել ճյուղի էական մոնոպոլացման:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը փորձում է ազգային
խորհրդարանի ներկայիս նստաշրջանի ընթացքում օրենք ընդունել
ԶԼՄ-ների ոլորտի բարեփոխումների մասին: Այդ փաստաթուղթը վերացնում
է այն դրույթը, որն այժմ արգելում է լրագրական կորպորացիաներին
ունենալ հեռուստատեսային ալիքներ:
Դրա դեմ են խստորեն հանդես գալիս արհմիությունները,
հեռարձակող ընկերությունները եւ մի շարք հասարակական
կազմակերպություններ: Նրանք պնդում են, որ նոր օրենքը կհանգեցնի
տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների սեփականատեր
վիթխարի մոնոպոլիստական խմբերի ստեղծման: