Ոռոգման համակարգերի ներդրման երկամյա ծրագիր՝ Գնիշիկում


Ոռոգման համակարգերի ներդրման երկամյա ծրագիր՝ Գնիշիկում

  • 30-10-2019 17:51:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը: 2018-2019թթ. ընթացքում, զրոյից կառուցվել է ոռոգման արդյունավետ համակարգ, որի գործարկումից հետո ջուրն առանց հոսակորուստի հասնում է գյուղացուն: Ջուրը ներքին ցանցով  գյուղի սկզբնամասից  մատակարարվում է յուրաքանչյուր տուն կամ  տնամերձ այգի:  Նոր ներքին ցանցը հնարավորություն է տալիս նաև կարգավորել ջրի հոսքն ու այն օգտագործել ըստ անհրաժեշտության և առաջնահերթության՝ կարգավորելով բաժանման հանգույցների և անհատական փականների միջոցով:
 
2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ  նոր ջրատար` ջրի քանակն ավելացնելու համար: Ջուրն աղբյուրից ինքնահոսով հասցվել է բնակավայր և միացվել հիշյալ ոռոգման ներքին ցանցին: Արդյունքում, բնակավայրի ստորին հատվածի տնամերձ հողակտորները կարող են ոռոգվել շուրջօրյա, իսկ ջրի նախկին աղբյուրից կօգտվեն համայնքի բարձրադիր հատվածներում գտնվող տնամերձ հողակտորները:
 
Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է  մոտ 1500մ երկարությամբ ջրագիծ, երեք բաժանարար հանգույց և  անհատական միացման 25 կետ:
 
«Եթե ցանկանում ենք օգնել գյուղացուն, ապա պետք է նրա համար ստեղծենք ապրելու և հողի հետ աշխատելու հնարավորություն: Առավել ևս՝ սահման պահողների համար: Մենք գիտակցում ենք դա ու նաև այն, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլև համբերություն, ճիշտ պլանավորած աշխատանք, նվիրում ու ջանքեր: Տարիներ առաջ, այս բնակավայրում չկային ենթակառուցվածքներ և կենցաղավարության տարրական պայմաններ: Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում, մեզ հաջողվել է լուծել կարևոր հարցեր: Մենք դրան հասել ենք տարիների ընթացքում, որպեսզի սահմանամերձ հերթական գյուղն ապրի առավել հանգիստ կյանքով: Ուզում եմ հավատալ, որ այս ցանկությունը լիարժեք իրատեսական հիմքեր ունի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Երկամյա ծրագրի արդյունավետությունն զգում են նաև Մոզրով բնակավայրի բնակիչները: Տարիներ շարունակ, Մոզրովի ընդհանուր օգտագործման ջրագիծը ծառայել է նաև գնիշիկցիների այգիների ոռոգման համար՝ խնդիր ստեղծելով հարևան բնակավայրում: Այժմ կարգավորվել է նաև այդ խնդիրը: Գնիշիկի այգեգործության համար լիովին բավարար ջուր կա: Ավելին, այդ նպատակով Մոզրովի ջրագծից սպառվող ջրի քանակը կրճատվել է շուրջ 70%-ով: Մոզրովի ջրամատակարարման համակարգը նույնպես բարելավելու նպատակով՝ գործընկեր կառույցներն իրականացնում են ևս մեկ ծրագիր: Աշխատանքներն ընթացքում են: Նախատեսվում է  դրանք ավարտին հասցնել  մինչև տարեվերջ:
 
Ի դեպ, կայացել է նաև «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որը կառուցել է   Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ (FPWC) , ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «World Land Trust» կազմակերպության և FPWC-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի աջակցությամբ։ Կենտրոնը կարևոր դեր կունենա համայնքի զարգացման, էկո-զբոսաշրջության ակտիվացման, կենսաբազմազանության պահպանման և գիտական աշխատանքներ կատարելու առումով: 
 
Այցելուների կենտրոնում կգործի նաև հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի անվան գրադարանը, որի հիմնական ուղղվածությունը կլինի բուսական աշխարհը և դրան վերաբերվող ուսումնասիրությունները։ Քանի որ համայնքն ունի հարուստ կենսաբազմազանություն Կենտրոնի հիմնական նպատակներից է հայկական բնաշխարհի յուրահատուկ տեսակների ուսումնասիրմանն ու պահպանությանը նպաստելը՝ տարածքում ներգրավելով նաև օտարերկրյա ուսանողներ և ոլորտի մասնագետներ։ 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Հինգ տարվա ընթացքում, համագործակցության շնորհիվ՝ հաջողվել է լուծել բնակավայրի խմելու և ոռոգման ջրի, լուսադիոդային (LED) համակարգով գործող՝արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի բացակայության խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն