ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
08-11-2007 19:25:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության
նոյեմբերի 8-ի նիստում հավանություն է տրվել «ՀՀ քրեական
օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագծին: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի
տեղակալ Մնացական Սարգսյանը, օրենքի ընդունումը պայմանավորված է
տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ
պայքարում իրականացվող քրեաիրավական քաղաքականության փոփոխման
անհրաժեշտությամբ: Ըստ նրա, նախատեսված փոփոխություններով,
տնտեսական հանցագործության դեպքում որպես վարչական պատիժ տուգանքի
վերին սահմանային չափը ներկայիս նվազագույն աշխատավարձի
հազարապատիկի փոխարեն նախատեսվում է դարձնել երեք հազարապատիկ, իսկ
ազատազրկման ժամկետը` 2-4 տարվա փոխարեն դարձնել 3-5 տարի:
Նշվեց նաեւ, որ վիճակագրական տվյալների համաձայն, անցած տարի
արձանագրվել է տնտեսական հանցագործությունների 137 դեպք, ինչը
2005թ.-ի համեմատ կրկնակի ավելի է:
Ի դեպ, Մ.Սարգսյանը տեղեկացրեց, որ «Պիցցա դի Ռոմա»
ընկերության տնօրենի նկատմամբ օրերս քրեական գործ հարուցելու համար
հիմք է հանդիսացել ընկերությանը պատկանող յոթ օբյեկտներից միայն
մեկում հայտնաբերված 15 մլն դրամի (մոտ 45 հազար ԱՄՆ դոլար) չափով
հարկերից խուսափելը: