2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄ
04-09-2007 22:10:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի
մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում
քննարկվեցին «ՀՀ 2006թ.-ի պետբյուջեի մասին» օրենքի կատարման
հաշվետվության իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ
դատական մարմինների ֆինանսավորման հետ կապված հարցերը: Ըստ
կառավարության ներկայացրած հաշվետվության, պետբյուջեից ընդհանուր
բնույթի պետական ծառայությունների բնագավառի ծախսերը կազմել են
49,9 մլրդ դրամ (մոտ 120 մլն ԱՄՆ դոլար)` ապահովելով ծրագրի 92,9
տոկոս կատարումը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է
արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային
ծրագրերի ցածր կատարողականով:
Օրենսդիր մարմնի եւ պետական կառավարման ծախսերը հաշվետու
ժամանակաշրջանում կազմել են ավելի քան 9,9 մլրդ դրամ, կամ
նախատեսված ծախսերի 98,5 տոկոսը: 2005թ.-ի համեմատ այդ ծախսերն
ավելացել են 27,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է
հաստիքների եւ աշխատավարձի, գույքի, ծառայությունների,
սարքավորումների ձեռք բերման աճով:
Վարչական օբյեկտների շինարարության գծով 330 մլն դրամ է
հատկացվել ԱԺ-ի նոր մասնաշենքի շինարարության համար: Նույն
նպատակով է ծախսվել նաեւ կառավարության պահուստային ֆոնդից 2006-ին
լրացուցիչ հատկացված 62 մլն դրամը: Վարչական օբյեկտների
հիմնանորոգման համար հատկացված 1,1 մլրդ դրամը ուղղվել է նախագահի
աշխատակազմի վարչական շենքերի, կառավարական մասնաշենքերի,
կառավարության ընդունությունների տան, Արմավիրի եւ Վայոց ձորի
մարզպետարանների վարչական շենքերի վերանորոգմանը:
Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի, ԱԺ-ի պահպանման
ծախսերը նախատեսված են եղել շուրջ 2,1 մլրդ դրամի չափով:
Կատարողականը կազմել է 99,99 տոկոս: Այդ ծախսերից շուրջ 81 մլն
դրամ ուղղվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններին
անդամակցության հետ կապված ծախսերին: