ԷԴ. ԹՈՓՉՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄԸ<br /> ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ<br />


ԷԴ. ԹՈՓՉՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄԸ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

  • 09-05-2007 20:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում դասական երաժշտության նկատմամբ չկա պատշաճ ուշադրություն, հասարակության մեծամասնությունն այժմ գերադասում է էստրադայինը, ինչը դասական արվեստի վատ պրոպագանդման արդյունք է: Այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մայիսի 9-ին կայացած ասուլիսում: Դիրիժորը համոզված է, որ դասական արվեստը ներկայացնող այսօրվա շնորհաշատ երաժիշտները դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում կրթություն ստացած մասնագետներն են, ովքեր պահպանում են նախկին ավանդույթները եւ իրենց երգարվեստով հայտնի են նաեւ միջազգային ասպարեզում: Ըստ դիրիժորի, դասական երաժշտության պրոպագանդումը պետք է սկսվի նախ ընտանիքից` դեռահաս տարիքում կրթության միջոցով երեխայի մեջ սերմանելով սեր դեպի այդ արվեստը, իսկ հանրության շրջանում պրոպագանդումը պիտի կատարվի նաեւ հեռուստատեսության միջոցով: Միաժամանակ, Էդ. Թոփչյանը գոհունակություն հայտնեց մի շարք հեռուստաալիքների` բարձրաճաշակ դասական երաժշտությանը նվիրված հաղորդումների կապակցությամբ: «Ստեղծված իրավիճակը կհարթվի միայն պետական մակարդակով: Ես պատրաստվում եմ այդ հարցով դիմել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա ուշադրության եւ աջակցության շնոհիվ կարողանանք պահպանել ունեցած արժեքները»,- հայտարարեց Էդ.Թոփչյանը: Նա նշեց, որ իր գլխավորած 120 հոգանոց նվագախումբն այսօր մեծ հաջողություններ ունի եվրոպական շատ երկրներում եւ հիանալի համերգներ է ունենում աշխարհի հայտնի բեմերում: «Մինչդեռ այսօր մեր խնդիրը մեր երկրում հիանալի կատարումներով հանդես եկող նվագախմբերի, երգչախմբերի նկատմամբ ակնկալվող ուշադրությունն ու բարձրորակ երգարվեստ ձեւավորելն է»,- նշեց նա: Էդ.Թոփչյանն անդրադարձավ նաեւ երաժիշտների ցածր աշխատավարձերին, նշելով, որ պետական բյուջեից ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկ երաժշտին ամսական տրամադրվում է ընդամենը 25 հազար դրամ: Նվագախմբին արդեն 16 տարի հովանավորում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս Լուիս Սիմոն Մանուկյանի: Նրա կարծիքով, երաժշտի նվազագույն աշխատավարձը պետք է լինի մոտ 600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որպեսզի նա կարողանա հոգալ գոնե իր առօրյա ծախսերը: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքի եւ քաղաքական այս կամ այն ուժին սատարելու մասին, Էդ. Թոփչյանը նշեց, որ «քաղաքականությամբ չի հետաքրքրվում, քանի որ իր առաքելությունը երաժշտությամբ զբաղվելն է»: Երիտասարդ դիրիժորը, չի ընդունում նաեւ մշակութային գործիչների` «քաղաքականությամբ տարվելը»: «Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. մշակույթ կերտող մարդիկ չպետք է ներկայանան քարոզարշավներին եւ կուսակցական դառնան, որքան էլ դա նպաստավոր եւ շահութաբեր լինի իրենց աշխատանքին»,- ընդգծեց նա: Երաժիշտն ավելացրեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երկու մեծ համերգներ կունենա Ավստրիայում, որոնց պատճառով էլ չի կարողանա մասնակցել մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play