ԷԴ. ԹՈՓՉՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄԸ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
09-05-2007 20:10:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում դասական
երաժշտության նկատմամբ չկա պատշաճ ուշադրություն, հասարակության
մեծամասնությունն այժմ գերադասում է էստրադայինը, ինչը դասական
արվեստի վատ պրոպագանդման արդյունք է: Այսպիսի տեսակետ հայտնեց
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր
Էդուարդ Թոփչյանը մայիսի 9-ին կայացած ասուլիսում:
Դիրիժորը համոզված է, որ դասական արվեստը ներկայացնող այսօրվա
շնորհաշատ երաժիշտները դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում
կրթություն ստացած մասնագետներն են, ովքեր պահպանում են նախկին
ավանդույթները եւ իրենց երգարվեստով հայտնի են նաեւ միջազգային
ասպարեզում: Ըստ դիրիժորի, դասական երաժշտության պրոպագանդումը
պետք է սկսվի նախ ընտանիքից` դեռահաս տարիքում կրթության միջոցով
երեխայի մեջ սերմանելով սեր դեպի այդ արվեստը, իսկ հանրության
շրջանում պրոպագանդումը պիտի կատարվի նաեւ հեռուստատեսության
միջոցով:
Միաժամանակ, Էդ. Թոփչյանը գոհունակություն հայտնեց մի շարք
հեռուստաալիքների` բարձրաճաշակ դասական երաժշտությանը նվիրված
հաղորդումների կապակցությամբ:
«Ստեղծված իրավիճակը կհարթվի միայն պետական մակարդակով: Ես
պատրաստվում եմ այդ հարցով դիմել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին,
որպեսզի նրա ուշադրության եւ աջակցության շնոհիվ կարողանանք
պահպանել ունեցած արժեքները»,- հայտարարեց Էդ.Թոփչյանը: Նա նշեց, որ
իր գլխավորած 120 հոգանոց նվագախումբն այսօր մեծ հաջողություններ
ունի եվրոպական շատ երկրներում եւ հիանալի համերգներ է ունենում
աշխարհի հայտնի բեմերում: «Մինչդեռ այսօր մեր խնդիրը մեր երկրում
հիանալի կատարումներով հանդես եկող նվագախմբերի, երգչախմբերի
նկատմամբ ակնկալվող ուշադրությունն ու բարձրորակ երգարվեստ
ձեւավորելն է»,- նշեց նա:
Էդ.Թոփչյանն անդրադարձավ նաեւ երաժիշտների ցածր
աշխատավարձերին, նշելով, որ պետական բյուջեից ֆիլհարմոնիկ
նվագախմբի մեկ երաժշտին ամսական տրամադրվում է ընդամենը 25 հազար
դրամ: Նվագախմբին արդեն 16 տարի հովանավորում է Հայկական
բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս Լուիս Սիմոն
Մանուկյանի: Նրա կարծիքով, երաժշտի նվազագույն աշխատավարձը պետք է
լինի մոտ 600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որպեսզի նա կարողանա
հոգալ գոնե իր առօրյա ծախսերը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ իր
վերաբերմունքի եւ քաղաքական այս կամ այն ուժին սատարելու մասին,
Էդ. Թոփչյանը նշեց, որ «քաղաքականությամբ չի հետաքրքրվում, քանի որ
իր առաքելությունը երաժշտությամբ զբաղվելն է»: Երիտասարդ դիրիժորը,
չի ընդունում նաեւ մշակութային գործիչների` «քաղաքականությամբ
տարվելը»: «Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. մշակույթ կերտող
մարդիկ չպետք է ներկայանան քարոզարշավներին եւ կուսակցական դառնան,
որքան էլ դա նպաստավոր եւ շահութաբեր լինի իրենց աշխատանքին»,-
ընդգծեց նա:
Երաժիշտն ավելացրեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանի
ֆիլհարմոնիկ նվագախումբը երկու մեծ համերգներ կունենա Ավստրիայում,
որոնց պատճառով էլ չի կարողանա մասնակցել մայիսի 12-ին կայանալիք
ԱԺ ընտրություններին: