ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
22-03-2007 21:05:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզերում,
Արցախում եւ Ջավախքում այս տարի առաջին անգամ կանցկացվեն
թատերահամերգային հյուրախաղեր` «Մշակութային մարզ» ծրագրի
շրջանակներում: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս հյուրախաղերը
նպատակ ունեն աշխուժացնել մշակութային կյանքը շրջաններում, ինչպես
նաեւ Արցախում եւ Ջավախքում:
Ինչպես մարտի 22-ին մամլո ասուլիսում նշեց նախարարության
մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը, այս
տարի առաջին անգամ կառավարությունը պետական բյուջեով գումարներ է
հատակացրել այս ծրագրի համար: Ըստ նրա, գումարները տրամադրվելու են
մայրաքաղաքի պետական այն թատրոններին, անսամբլներին, նվագախմբերին
եւ մյուս կազմակերպություններին, ովքեր կցանկանան հանդես գալ
հյուրախաղերով. գումարը հատկացվելու է ճանապարհի եւ կեցության
ծախսերի համար:
Կարո Վարդանյանը հայտնեց, որ առաջին հյուրախաղը կիրականացնի
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական
թատրոնը. 40-հոգանոց թատերախումբը մարտին Գյումրիում հանդես կգա
«Կարմեն սյուիտ» ներկայացմամբ:
Կ.Վարդանյանը նշեց, որ բացի հյուրախաղերից, մարզերում
կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր. մշակութային տարբեր
ոլորտների մասնագետներ պարբերաբար կայցելեն մարզեր, կկարդան
դասախոսություններ: