ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ
04-12-2006 16:11:00 | | Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի Վենեսուելայում
կայացել են նախագահական ընտրություններ:
Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 70%: Նախնական
տվյալներով, Ուգո Չավեսը հավաքել է ձայների մոտ 61%-ը, մինչդեռ նրա
մրցակիցը` Սուլիա նահանգի նահանգապետ Մանուել Ռոսալեսը` մոտ 38%-ը:
Նա արդեն ընդունել է իր պարտությունը: Միեւնույն ժամանակ
վենեսուելական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են,
որ ընտրությունները կեղծվել են:
«Հաղթանակը ընտրություններում նշանակում է պետության
զարգացման նոր դարաշրջանի սկիզբ: Վենեսուելայի պատմության մեջ
սկսվում է սոցիալիստական հեղափոխության դարաշրջան... Ես կոչ եմ
անում բոլորին, չնայած քաղաքական եւ գաղափարախոսական
տարաձայնություններին, միանալ սոցիալիզմի շինարարությանը
Վենեսուելայում»,- հայտարարել է Ու.Չավեսը:
Նախագահական ժամկետը Վենեսուելայում 6 տարի է, հաղորդում է
«Լենտա.ռուն»: