ՆՈՒՅՆԻՍԿ «ՇԱՀ-ԴԵՆԻԶ» ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի
ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԻ ԼՐԻՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆ ԳԱԶՈՎ
12-10-2006 18:00:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի
պատվիրակությունը էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի
գլխավորությամբ այցելել է Ադրբեջան այդ երկրից գազ ստանալու
հնարավորություններն ուսումնասիրելու համար: Ինչպես հաղորդում է
«Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի
արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւին, որեւէ
որոշում չի ընդունվել, քանի որ «Ադրբեջանը դեռեւս չի որոշել իր
էներգետիկական հաշվեկշիռը»:
Ինչպես հետեւում է նախարարի բառերից, այս տարեվերջին սպասվող
«Շահ-Դենիզ» հանքավայրի գործարկմամբ Ադրբեջանը, նախկին
կանխատեսումներին հակառակ, դեռեւս ի վիճակի չի լինի լրիվ ապահովել
իրեն գազով: «Մենք պետք է որոշենք գազի այն ծավալները, որ
արդյունահանվելու են «Շահ-Դենիզ» հանքավայրում: Մենք դեռ չենք
որոշել, թե Թուրքիան արդյոք մեզնից գազ գնելու է: Եթե Թուրքիան
հրաժարվի ադրբեջանական գազ գնելուց, այդ գազը կհանձնվի մեզ: Մենք
չգիտենք, թե ինչ ծավալով եւ ինչ գնով ենք գազ գնելու Ռուսաստանից
2007 թվականին: Մենք բանակցություններ ենք վարում նաեւ Իրանի հետ:
Եթե այդ բանակցությունները դրական ելք ունենան, դա կլինի եւս մեկ
աղբյուր Ադրբեջանի համար, որպեսզի բարելավի բնակչության եւ երկրի
արդյունաբերության գազով պահովումը»,- ասել է Ն.Ալիեւը: