2006 Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԸ
ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՒԵԼ Է 22,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ
07-09-2007 21:20:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին ՀՀ
բնակարանային կոմունալ տնտեսութեան ոլորտի ծրագրերին պետբիւջէից
յատկացուել է 22,2 մլրդ դրամ (մօտ 55,5 մլն ԱՄՆ դոլար), ինչը
նախատեսուածի 83,9 տոկոսն է: Ծրագրից շեղումը հիմնականում
պայմանաւորուած է արտաքին աղբիւրներից ֆինանսաւորւող որոշ վարկային
եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Յատկացուած
միջոցների հիմնական մասը` 80 տոկոսը, ուղղուել է բնակարանային
տնտեսութեան, բնակարանաշինութեան, ջրամատակարարման եւ կոյուղու
համակարգերի շահագործման ծրագրերի ֆինանսաւորմանը: Այս մասին ՀՀ
Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների սեպտեմբերի 7-ի համատեղ
նիստում յայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխաւոր
գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա, բնակարանային կոմունալ տնտեսութեան բնագաւառի
ծախսերի տեսակարար կշիռը պետբիւջէի ընդհանուր ծախսերում կազմել է
4,6 տոկոս` նախորդ տարուայ 5,4 տոկոսի դիմաց: Մասնաւորապէս,
բնակարանային տնտեսութեան եւ բնակարանային շինարարութեան ոլորտի
ծախսերը կազմել են շուրջ 11,3 մլրդ դրամ, ինչը պետբիւջէով
նախատեսուածի 93,8 տոկոսն է: Այդ թւում շուրջ 1,8 մլրդ դրամ ուղղուել
է զոհուած եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների
անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու եւ նրանց
բնակարանային պայմանները բարելաւելու համար, 461,3 մլն դրամ`
բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի ներդրած միջոցների
դիմաց պետական օգնութեան ծրագրին, 349,3 մլն դրամ` բնակարանային
շինարարութեան ծրագրին: