ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ «ՀՀ 2006.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԷՏՒՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻՆ
19-04-2007 20:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը ապրիլի
19-ի նիստում հաւանութիւն է տուել «ՀՀ 2006թ. պետական բիւջէի
կատարման տարեկան հաշուէտւութիւնը հաստատելու մասին» ՀՀ օրէնքի
նախագծին, որը սահմանուած կարգով կներկայացուի ՀՀ ԱԺ: Նախագծով
առաջարկւում է ՀՀ 2006թ. պետական բիւջէի կատարման տարեկան
հաշուէտւութիւնը հաստատել եկամուտների գծով 441 մրդ 483 մլն 135,6
հազար դրամ, ծախսերի մասով` 481 մլրդ 183 մլն 188,4 հազար դրամ,
բիւջէի դեֆիցիտը` 39 մլրդ 700 մլն 52,8 հազար դրամ:
Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի
փոխնախարար, գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2006թ.-ի համար
պլանաւորուած 412 մլրդ 356 մլն դրամի (ըստ այդ տարուայ միջին
փոխարժէքի` մօտ 991 մլն ԱՄՆ դոլար) եկամուտների փոխարէն, հաշուի
առնելով տարուայ ընթացքում տնտեսական զարգացումները, եկամուտների
ծաւալը վերանայուել է եւ սահմանուել 451,461 մլրդ դրամ, որի դիմաց
արձանագրուել է 97,8%-ի կատարողական: Ըստ նրա, եկամուտների
թերստացման հիմնական պատճառը արտաքին աղբիւրներից նախատեսուած 39,5
մլրդ դրամի փոխարէն ընդամէնը 15,2 մլրդ դրամի (կամ նախատեսուածի
38,4%-ը) ստացումն է: Նոյն պատճառով ցածր է եղել նաեւ ծախսերի
կատարողականը, որը կազմել է 523 մլրդ դրամ, կամ 92%:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ սեփական աղբիւրների հաշուին
կատարւող ծախսերի կատարողականը կազմել է 98%, իսկ արտաքին
աղբյուրներինը` 46%: 2006թ.-ին դեֆիցիտի ֆինանսաւորման ծրագրով
նախատեսուած 71,6 մլրդ դրամի դիմաց արձանագրուել է 55,5%
կատարողական: