Առաջին անգամ կկայանա SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը՝ նվիրված կանաչ տնտեսության զարգացմանը Հայաստանում
16-11-2024 11:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Նոյեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ կկայանա SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը՝ նվիրված կանաչ տնտեսության զարգացմանը Հայաստանում։
Վերականգնվող էներգետիկայի, շինարարարության և լուսավորության, տեխնոլոգիաների և այլ ոլորտների ընկերություններ կներկայացնեն իրենց գործունեությունը էքսպոյին և JOB TALK-երին, կծանոթացնեն առկա աշխատանքային հնարավորություններին:
Կոնֆերանսին ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, պետական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթական և մասնավոր ոլորտների փորձառու մասնագետներ՝ հետաքրքիր ելույթներով և քննարկումներով։ Կոնֆերանսի խոսնակներից է Բրիտանիայի առաջատար էկոլոգիական տնտեսագետ Ստանիսլավ Էդվարդ Շմելյովը։
«Կարևորում ենք կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացումը։ Այս միջոցառման նպատակն է գրավել սկսնակ և փորձառու մասնագետների ուշադրությունը և խրախուսել նրանց փնտրել կարիերայի հնարավորություններ կայուն զարգացման ոլորտում», -ասաց էքսպո-կոնֆերանսի կազմակերպիչ job.am հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանը։
Էքսպո-կոնֆերանսի գլխավոր գործընկեր՝ RECONOMY, Helvetas Swiss Intercooperation Արևելյան Գործընկերության երկրներում ծրագրերի համակարգող Մարիաննա Ավետիսյանի խոսքով, SEE Expo & Dialogue-ը պարզապես միջոցառում չէ. այն շարժում է դեպի կայուն ապագա:
«Միավորելով բիզնեսը, կանաչ քաղաքականությունը և մասնագիտական ներուժը մի վայրում՝ մենք նպատակ ունենք նպաստել իրական փոփոխությունների էներգաարդյունավետության, կանաչ շինարարության ու այս ոլորտներում աշխատունակության բարձրացման ուղղություններով», - ասաց Ավետիսյանը:
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության («Sida») տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է և իրականացվում է «Helvetas Swiss Interco-operation»-ի կողմից։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) SEE Expo&Dialogue-ի՝ կոնֆերանսի գործընկերն է։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ կոնֆերանսի հատվածը կհեռարձակվի առցանց ուղիղ ռեժիմով: