Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը


Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը

  • 18-10-2011 14:23:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունել են ՄԱԿ-ի կողմից ընդունված Օլիմպիական զինադադարի մասին «Խաղաղ եւ ավելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի եւ օլիմպիական իդեալների միջոցով» բանաձեւը: Բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա է ներկայացրել Միացյալ Թագավորությունը, որը 2012-ին Լոնդոնում հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Բանաձեւը միաձայն ընդունվել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում: Պատմության մեջ առաջին անգամ բանաձեւի համահեղինակներ են հանդիսացել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Դեսպաններ Փիթեր Բեյթմենը Բաքվում, Չարլզ Լոնսդեյլը Երեւանում եւ դեսպանի պաշտոնակատար Դուգ Մըքմիլանը Թբիլիսիում հանդես են եկել միացյալ հայտարարությամբ, որում ասված է. «Մենք ողջունում ենք այս բանաձեւը եւ դրա միաձայն ընդունման փաստը: Միացյալ Թագավորությունը տարիներ շարունակ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղաշինությանը եւ հակամարտությունների լուծմանը: Հուսով ենք, որ բանաձեւի հիմքում ընկած իդեալները կարող են վերածվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված կոնկրետ քայլերի»: Հին Հռոմում Օլիմպիական խաղերով սկսվում էր խաղաղության ժամանակաշրջան, որը մրցակիցներին ու այլոց ապահով ճանապարհորդելու հնարավորություն էր տալիս: 1992 թվականին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն վերածնեց այդ գաղափարը՝ սպորտն օգտագործել Օլիմպիական իդեալները խրախուսելու եւ խաղաղաշինությանն ու հակամարտությունների լուծմանը աջակցելու համար: Ըստ երեւանում Բրիտանական դեսպանատան մամլո հաղորդագրության, նման բանաձեւեր ընդունվել յուրաքանչյուր Ամառային եւ Ձմեռային խաղերից առաջ: Բանաձեւը վերաբերում է ոչ միայն հաջորդ ամռանը Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում զինադադարը հարգելուն, այլեւ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են սպորտի միջոցով աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ Հազարամյակի Զարգացման Նպատակներին հասնելուն: Օլիմպիական զինադադարի գաղափարի մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կայքում http://www.olympic.org/content/the-ioc/commissions/international-relations-/olympic-truce/ հասցեով: Բանաձեւի տեքստին ՄԱԿ-ի անդամ պետությունների բոլոր լեզուներով ծանոթացեք http://www.un.org/Docs/journal/asp/ws.asp?m=a/66/l.3 հասցեով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play