Արթուր Սաքունց.«Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը»


Արթուր Սաքունց.«Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը»

  • 18-10-2011 14:37:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵԱՀԿ զեկույցը կոչ է անում բարելավել վկաների պաշտպանությունը Հայաստանում: Հոկտեմբերի 18-ին Երեւանում ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման էր` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության եւ դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները եւ վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները: Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն եւ գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: «Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար», _ ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. «Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավելեց. «Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը, ինչպես նաեւ երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Այս ուսումնասիրությունն օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ եւ ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսեւորումները»: Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, եւ վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում: Առաջարկությունները հիմնված են քննիչների եւ փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաեւ փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաեւ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը: Զեկույցի Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է հետեւյալ կայքէջում` http://www.osce.org/yerevan/83916. Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետեւյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն