Սերժ Սարգսյան. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են»


Սերժ Սարգսյան. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են»

  • 19-10-2011 15:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19 -ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը Հայաստան գնահատել է իբրեւ մեր երկրի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ եւ բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում: Նշելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձեւավորվել է դեռեւս Հայաստանի անկախացումից ի վեր, եւ տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարեւոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաեւ վստահության մեծացման եւ նպաստում մեր երկիր արտաքին ներդրումների հոսքին: Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ եւ նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարեւորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը: Հանրապետության ղեկավարի հետ Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն