Քննարկվել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի ռազմավարությունը


Քննարկվել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի ռազմավարությունը

  • 29-11-2011 19:08:19   | Հայաստան  |  Հասարակություն

Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների եւ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ներկայացնելով երթուղային նոր ցանցը, քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանը նշել է, որ այն մշակվել է գործող ցանցի հետ համեմատական վերլուծությունների հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ միջազգային տարբեր կառույցների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները: Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է: Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում փաստացի շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը` 300 ով: Նոր ցանցով նախատեսվում է զգալիորեն կրճատել միկրոավտոբուսային երթուղիները՝ 109 ից հասցնելով 75 –ի: Համապատասղանաբար շուրջ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը: Առաջարկվող նոր ցանցը նաեւ միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը, ինչին, ի թիվս այլ գործոնների, կնպաստի երթուղու աշխատանքում միջակայքերի պաբերականության նվազեցումը: Լսելով կողմերի կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերի աշխատանքին, որն այս պահին գոհացուցիչ չէ: «Երեւանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 8 անց 30 ից մինչեւ 10:00-ի եւ երեկոյան 18:00-ից մինչեւ 21:00 ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթեւեկության ծանրաբեռնված ժամերին երթեւեկելու դժվարություններ չունենան» ,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շտկել բացթողումներն ու երթուղային նոր ցանցի հավանության արժանացած տարբերակը ներկայացնել նաեւ հանրային քննարկման:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play