Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը


Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը

  • 30-11-2011 13:58:32   | Հայաստան  |  Քաղաքական

Նոյեմբերի 30-ին Ազգային ժողովն ավարտեց նոյեմբերի 28-ից կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը: Ընդունվեցին օրակարգում ներառված շուրջ երեք տասնյակ օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, բացառությամբ խնդրահարույց երկու օրենսդրական նախաձեռնությունների: Կառավարությունը` ընդառաջելով պատգամավորների առաջարկություններին, 15 օրով հետաձգեց առաջին ընթերցմամբ քննարկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրինագծի եւ դրանց հարակից օրինագծերի երկու փաթեթների քվեարկությունները: Առաջինի վերաբերյալ շաբաթավերջին կհրավիրվեն խորհրդարանական ընդլայնված լսումներ` շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ քննարկելու բնապահպանների եւ հասարակական ակտիվիստների դժգոհությունն առաջացրած օրենսդրական նախաձեռնությունը: ԱԺ-ն նաեւ վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագիրը: Ինչպես հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, բանկը Հայաստանին տրամադրում է 18 մլն ԱՄՆ դոլար` բանկի ստանդարտ պայմաններով: Այն է` 25 տարով, որից առաջին 10 տարին` արտոնյալ, առանց մարման իրավունքի, LIBOR գումարած փոփոխական մարժա տոկոսադրույքով, որը, ըստ Ա.Անդրեասյանի, այսօրվա դրությամբ մինչեւ 1.5 տոկոս է: Ծրագրով նախատեսվում է երկու տարվա ընթացքում իրականացնել այս տարի ավարտված «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով ուսումնասիրված եւ նախագծված ջրանցքների, ներտնտեսային համակարգերի աշխատանքները: Վերականգնվելու են շուրջ 50 կմ մայր ջրանցքներ` իրենց բաժանարարներով, եւ շուրջ 63 կմ ներտնտեսային համակարգեր: Դա վերաբերում է Արարատյան դաշտավայրում, ինչպես նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում գործող հիմնական ջրանցքներին: 19 համայնքներում իրականացվելու են ներտնտեսային համակարգերի վերականգնման աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play