Վրաստանի իշխանությունները խստացնում են իրենց քաղաքականությունը <br /> հայության նկատմամբ


Վրաստանի իշխանությունները խստացնում են իրենց քաղաքականությունը
հայության նկատմամբ

  • 28-02-2011 17:58:48   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ. ապրիլի 17ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Խնդրում ենք Ձեզ ստորագրել եւ տարածել հայկական բլոգոսֆերայի կողմից ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ ջավախքահայության իրավունքների կազմած հանրագիրը (պետիցիա), որի անգլերեն տարբերակը տեղադրված է http://www.gopetition.com/petition/43282.html Ստորեւ ներկայացնում ենք հանրագրի տեքստի հայերեն թարգմանությունը. ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ՄԱԿի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես պատմականորեն Վրաստանի հարավ-արեւմտյան շրջաններում (Ջավախք) համախումբ բնակվող հայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական, մշակութային տարրական իրավունքները: Ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչները, որոնք փորձում են բողոքել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, հետապնդվում են: Այսպես, 2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1,000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը: Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել: Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր եւ տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները: Ջավախքահայության համընդհանուր հիասթափության եւ բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները: Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ու Եվրախորհուրդը հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած խնդիրներին, սակայն այդ բոլոր հորդորները վրաց իշխանությունների կողմից արհամարհվում են: Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ, ձեռնարկել անհապաղ միջոցներ ուղղված ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը: Ի մասնավորի, մենք պահանջում ենք. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները: տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում, իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները, վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում` հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքը, կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը, վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը: 2011թ. Մերձավոր Արեւելքում ծայր առած իրադարձությունները գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային եւ եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն