Արթուր Աբրահամ. «2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու»


Արթուր Աբրահամ. «2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու»

  • 12-01-2012 12:24:32   | Գերմանիա  |  Սպորտ



Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա շաբաթ օրը` 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, "Բադեն-Արենա" համալիրում: Մրցելույթը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Արթուր Աբրահամի մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն է: Վերջինն ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն: "Մոտենում է ինձ համար երկար սպասված մենամարտը: Օր օրի ավելանում է հաղթելու ձգտումս: Երկար եմ պատրաստվել, մեծ աշխատանք տարել նախորդ մարտերում թույլ տված սխալներս շտկելու ուղղությամբ: Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները. նա ուժեղ մարզիկ է, դեռեւս` անպարտ: Այսուհանդերձ, համոզված եմ` 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Մեծ նպատակ ունեմ կրկին վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հունվարի 14-ին դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար",- նշում է Արթուր Աբրահամը` համոզմունքով, որ կրկին նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ տիտղոսային մենամարտը կայանալու է Բեռլինի "O2 World" արենայում:: Տեղեկացնենք, որ Արթուր Աբրահամը "Sauerland Event" գերմանական փրոմոութերական ընկերության հետ կնքած պայմանագիրը երկարացրել է մինչեւ 2014թ.: Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): Հարցերի դեպքում զանգահարել Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանին 093 46 00 20
Նոյյան տապան  -   Սպորտ