Սփյուռքը մտահոգված է (Տեսանյութ)


Սփյուռքը մտահոգված է (Տեսանյութ)

  • 05-02-2012 09:23:00   | Հայաստան  |  Տնտեսություն



Նյու Յորքի հայ համայնքից "Նոյյան Տապան"-ին են տրամադրել հաղորդագրություն եւ տեսանյութ Հայաստանում առկա կաշառակերության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի հետ կապված Նյու Ջերսիի Սբ Լեւոն եկեղեցում անցկացված առաջին քննարկման մասին։ Ինչպես տեղեկացնում են Նյու Յորքի հայ համայնքից, անցած շաբաթ Նյու Յորքից ու Նյու Ջերսիից մոտ 300 ամերիկահայեր էին հավաքվել Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ Լեւոն եկեղեցում` մասնակցելու Հայաստանում առկա կաշառակերության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի հետ կապված առաջին լուրջ քննարկմանը: Համաժողովը, որ կրում էր “Ճշմարտությունը կամ հետեւանքները. Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերները եւ օրենքի գերակայությունը” խորագիրը, համակարգում էր Արդա Հարաթունյանը, ռազմավարական հաղորդակցության եւ ճգնաժամային կառավարման փորձագետ Նյու Յորքից: Իր բացման խոսքում Արդան անդրադարձավ Հայաստանում առկա խնդիրներին` կապված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ, սակայն ընդգծեց, որ շատ ավելի դյուրին է հարթել պրոբլեմը, քան ճգնաժամը, որ Սփյուռքը կարող է եւ պետք է իրազեկված ու ներգրավված լինի: Առաջինը ամբիոնին մոտեցավ հրավիրված բանախոս, դոկտոր Սիմոն Փայազյանը` Բոստոնի համալսարանի արդի հայոց պատմության եւ գրականության Կ. Չարլզ եւ Էլիզաբեթ Մ. Քենոսյանի ամբիոնի վարիչը: Պրն Փայազլյանի ելույթը հիմնականում անդրադառնում էր այն հարցին, որ արդի պատմության մեջ հայ ժողովուրդը շատ քիչ փորձառություն ունի` կապված մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը վերաբերող հայեցակարգի հետ: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նա իր պատմության ընթացքում եղել է այլ ուժերի երկարատեւ հպատկության տակ: Պրոֆեսորը նաեւ նկարագրեց, թե Հայաստանի դատական համակարգի համընդհանուր կոռուպցիան ինչպես է աղավաղում սեփական երկրի Սահմնադրությունը: Պրն Փայազլյանի խմբային քննարկմանը միացան տարբեր փորձառություն եւ տեսակետ ունեցող այլ անձինք: Նրանք էին`Կարեն Հակոբյանը, երաժիշտ, հետազոտող, մարդու իրավունքների իրավապաշտպան, Արամ Համփարյանը` Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի /ANCA/ գործադիր տնօրենը Վաշինգտոնում: Գործարար, փաստաբան եւ մարդու իրավունքների իրավապաշտպան Նյու Յորքից, ներկայումս նա Հայաստանի քաղաքական ֆորումի ավագ գիտաշխատող Կարո Եգնուկյանը հորդորեց Հայաստանի իշխանություններին, որ հակակոռուպցիոն դիրքորոշում գրավեն կեղծ արտահայտությունների փոխարեն եւ ակտիվորեն արմատախիլ անեն օրինախախտներին: Կարոն նաեւ առաջարկեց, որ 20,000 սփյուռքահայ գործարարներ “ներխուժեն” Հայաստան իրենց բիզնես պլաններով եւ ներդրումներով: Սա կարող է ստեղծել տնտեսական մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստեն, եւ որը դուրս կմղի կոռումպացված օլիգարխներին: Կարեն Հակոբյանն իր ելույթը սկսեց` անդրադառնալով երկրի բնակչության մասսայական արտագաղթին անկախությունից ի վեր, որը հիմնականում պայմանավորված է անարդարությամբ եւ կոռուպցիայով, որոնք բացառում են մարդուն անհրաժեշտ հնարավորությունները: Արամ Համփարյանը երեկոյի ընթացքում հաստատեց, որ մարդու իրավունքների համար պայքարը չպետք է գերազանցի Ցեղասպանության ճանաչման համար մղած պայքարին, քանի որ երկուսն էլ հավասարազոր են: Վարդան Աբդոն` Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի տնօրենն իր խոսքում ասաց. “Ճշմարտությունը եւ հետեւանքները” հանդիպման կազմակերպման պատճառը եղավ Նարեկ Հարթունյանի անօրինական ձերբակալության մասին ստացած լուրը: Ամբողջ Սփյուռքի արձագանքը Նարեկի դեպքին Հայաստանում կատարվող դեպքերի շուրջ Սփյուռքի մտահոգության հստակ չափորոշիչ է հանդիսանում: Սփյուռաքահայերը պարզ ծանուցում ուղարկեցին օլիգարխներին, իշխանություններին ու մնացածներին, որ տեղի ունեցողը պարզապես չափից դուրս շատ է այն ընդունելու համար: Բանավեճն ավարտվեց Նարեկի եղբոր` Սարո Հարությունյանի ուղերձով, որը նույնպես պետական մարմինների կողմից հետապնդումների թիրախ է դարձել: Նա զեկուցեց, որ Հարությունյանների ընտանիքի ընկերության աշխատակիցներից շատերին սպառնացել են եւ ստիպել ստորագրել ընտանինքի բիզնես գործունեության եւ հարկային պարտավորությունների հետ կապված կեղծ հաշվետվություններ: Սարոն նշեց, որ Հարթունյանների ընտանիքի անմեղության ապացույցները ծանրակշիռ կլինեն ԱՄՆ-ի, Հայաստանի եւ այլ միջազգային յուրաքանչյուր դատարանում: Չնայած այս ամենին` նա հոռետեսորեն արտահայտվեց հայկական դատարանում արդարություն գտնելու հեռանկարների մասին: Երեկոն ամփոփելով` Արդան նշեց, որ ժողովրդավարությունը մշտապես զարգացող պրոցես է նույնիսկ Հայաստանում: Սփյուռքը պարտավոր է օգնել Հայաստանին` այդ զարգացումն իրականացնելու: Անցած կիրակի Արդան հարցազրույց տվեց Նյու Ջրսիի Հայկական ռադիոժամին: Նա նշեց, որ ինքը չի կարծում, թե իրենցից ինչ-որ մեկը հիշում է, որ մոտ 300 մարդ ներկայանա ուրբաթ երեկոյան նման լուրջ քննարկմանը մասնակցելու համար: “Մարդիկ սփյուռքում ուզում են ներգրաված լինել եւ օգնել լուծել Հայաստանի խնդիրները”,-ընդգծեց նա: Ադրան նաեւ հիշեցրեց ունկնդիրներին, որ հանդիպել է Նարեկի ընկերներին, ովքեր ասել են, որ ժամանակն է ինչ-որ բան անել. “Իրականում Նարեկի գործն սկսեց սա: Նարեկն ունի ցանակացած պատճառ վիրավորված լինելու, սակայն նա միայն ասաց. “Դուք պետք է վերաբերվեք Հայաստանին ինչպես հիվանդ երեխայի, որին խնամում են, որ առողջանա: Մենք երես չենք թեքում մարդկանցից, ում մենք սիրում ենք, բայց որոնք հիվանդ են”: Եկեք հիշենք, որ Նարեկի հարցը դեռեւս լուծված չէ: Ինչ որ այսօր տեղի ունեցավ, միայն սկիզբն է, եւ սա նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր քննարկումները թեմայի շուրջ”,-ասաց Ա. Հարաթունյանը: Նշենք, որ հանդիպումը համահովանավորվել էր տարբեր կազմակերպությունների կողմից` ազդանշան տալով համայնքին, որ նման քննարկումն անհապաղ է եւ անհրաժեշտ: Կազմակերպիչների ցուցակում են հետեւյալ կազմակերպությունները. “Հայկական Բառ ասոցացիան”, “Հայ ինժեներների եւ Գիտնականների ասոցացիան”, “Հայկական մարդու իրավունքների փաստաբանների ասոցիացիան”, Վարդանանց ասպետներ համալսարանը, Նյու Յորքի հայ ուսանողների ասոցացիան, Ռուտգերի հայկական ակումբը, Հայաստանի քաղակական ֆորումը, Թեքեյան մշակութային ասոցացիան եւ Թուֆենկիան հիմնադրամը: http://www.youtube.com/watch?v=Iq7_b_mmmaY&feature=youtu.be
Նոյյան տապան  -   Տնտեսություն