Մոնթեբելոյի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հարաբերությունները Արցախի հետ<br />


Մոնթեբելոյի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հարաբերությունները Արցախի հետ

  • 23-11-2010 16:50:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՄՈՆԹԵԲԵԼՈ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մոնթեբելո քաղաք եւ հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ: Իր խոսքում Բ.Սահակյանը կարեւորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսեւորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը: Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար: Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որով տեղական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները Արցախի հետ: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, այնուհետեւ Բ.Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն եւ հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա բարձր է գնահատել սփյուռքահայ այս գաղութի դերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման եւ Արցախին սատարելու գործում: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական