Ստորագրվել է հայ-ֆրանսիական կոնվենցիա կինոմատոգրաֆիական համագործակցության ոլորտում
17-03-2012 13:42:59 | Ֆրանսիա | Մշակույթ
Մարտի 16-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, երկուստեք ընդգծվել է միջազգային փառատոններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես, մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների եւ դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների եւ վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:
ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:
Դեսպան Չիտեչյանը կարեւորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:
Է. Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջեւ: