Գյումրեցի անօթևան ընտանիքն` նեղլիկ և խոնավ տնակում


Գյումրեցի անօթևան ընտանիքն` նեղլիկ և խոնավ տնակում

  • 27-03-2012 16:42:10   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Գյումրու կենտրոնական մասում` Ղուկասյան փողոցի տնակային ավանի 114/022 փոքրիկ տնակում, 6 անձով բնակվում է անօթեւանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տեր Սաշիկ եւ Կարինե Բաբայանների ընտանիքը: Նրանք տնակը երկու փոքրիկ մասերի են բաժանել եւ ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մեկ մասը` ննջարանը, եթե կարելի է այդպես կոչել այն հատվածը, որտեղ մի կերպ տեղավորված են չորս երկաթյա մահճակալներ ու վառարանը: Ամուսինները հիմնական աշխատանք չունեն եւ, ինչպես շատ ու շատ գյումրեցի անօթեւան ընտանիքների պարագայում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ծնողների պատմելով` երեխաներից երեքը սովորում են Գյումրու 3-րդ գիշերօթիկ դպրոցում, սակայն մեր այցելության պահին տանը չէին, ավագ որդիները` 16 տարեկան Խաչիկը եւ 12-ամյա Արմենը, Արթիկի շրջանի գյուղերից մեկում էին: Թեեւ ծնողները չցանկացան բարձրաձայնել, բայց ըստ մեզ հասած տեղեկության երեխաները գյուղում աշխատում են որպես անասնապահ: Բաբայանների տնակը գրեթե ամբողջովին շարքից դուրս է եկած: Պատճառը ոչ միայն տարիների մաշվածքն ու ու խոնավությունն են, այլ նաեւ տեղից տեղ տեղափոխված լինելը: Ամուսններից միայն Սաշիկ Բաբայանն է երկրաշարժի հետեւանքով երկսենյականոց բնակարան կորցրել` հայրական տունը: Մի քանի տարի առաջ պետությունը փոխհատուցել է կորցված երկսենյականոց բնակարանը: Բաբայանի հայրական բազմանդամ ընտանիքը կիսվել է` մայրը եւ եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր ստացած բնակարանում, իսկ իրենք մնացել եւ շարունակում են բնակվել տնակում: Ավելացնենք նաեւ, որ մենք նրանց դատարկաձեռն չէինք այցելել: «Շիրակ կենտրոնի»` անօթեւան ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու «Միասին կարող ենք»http://shirakcentre.org/hy/news/1567-shirak-centre-ngo նախաձեռնության շրջանակներում, ամերիկացի բարերար Էլբիստ Մադաթյանի միջոցներով Բաբայանների ընտանիքին տրամադրեցինք սնունդ: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/VvqbpUkMA-4
Նոյյան տապան  -   Հասարակություն