Ստյոպա Սաֆարյան. Ադրբեջանն ապրում է մեկ այլ իրականության մեջ


Ստյոպա Սաֆարյան. Ադրբեջանն ապրում է մեկ այլ իրականության մեջ

  • 05-04-2012 14:46:01   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ապրիլի 2-4-ը Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Բաքվում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում մասնակցել է վեհաժողովի երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, ապրիլի 2-ին Ստյոպա Սաֆարյանը Նաիրա Զոհրաբյանի հետ միասին մասնակցել է Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովում անխտիր ընդունվել են հայկական պատվիրակության բոլոր առաջարկները, որոնք Սաֆարյանը պնդել էր Բրյուսելում տեղի ունեցած նախորդ նիստի ընթացքում, ապա եւ` դրանք պաշտպանել Թբիլիսիում մարտի 31-ին տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական ընտանիքի հավաքում: Չնայած բազմաթիվ դիմադրություններին, Սաֆարյանը հրաժարվել է որեւէ առաջարկի ետկանչից եւ, որ առավել անցանկալի էր ադրբեջանական կողմի համար, բացասական գնահատական է տրվել փակ սահմանների քաղաքականությանը, ինչպես նաեւ ողջունել ԵՄ-ի հետ համագործակցված ու միջազգային չափանիշներով Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորումը: Վեհաժողովի զեկույցում, մասնավորապես, արձանագրվել է. Վեհաժողովը «շեշտում է էներգետիկ մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում» ապահովելու անհրաժեշտությունը եւ, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փակ սահմանների քաղաքականության պրակտիկան արհեստականորեն բարձրացնում է էներգետիկ ցանցերի արժեքը, կանխում եւ խոչընդոտում է արդյունավետ համագործակցությունը էներգամատակարարման աղբյուրների եւ ուղիների դիվերսիֆիկացման գործում»: Սրանով փաստացի ուղղակի գնահատական է տրվել Ադրբեջանի փակ սահմանների եւ տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման քաղաքականությանը: Մեկ այլ կարեւոր խնդիր էր Հայկական ԱԷԿ-ին վերաբերող դրույթը: Ի սկզբանե ադրբեջանական պատվիրակության նպատակն է եղել շահարկել Ֆոկուսիմայի ատոմակայանի աղետը եւ նոր ուժգնությամբ դնել Հայկական ԱԷԿ-ի անհապաղ փակման հարցը: Եվրանեսթի ստրասբուրգյան նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը ձախողվել է դրանում, իսկ սույն զեկույցի նախնական տարբերակում փորձ էր արվել սթրես-թեստ անցնող ատոմակայանների թվում չհիշատակել Հայաստանի ԱԷԿ-ը: Հանձնաժողովում ընդունված զեկույցի վերջնական տարբերակում ամրագրվել է. Վեհաժողովը «ողջունում է Ուկրաինայի եւ Հայաստանի մասնակցությունը սթրես-թեստավորմանը եւ քաջալերում խնդրին առնչվող մյուս արեւելաեվրոպական գործընկերներին` հավաստել թեստավորմանն իրենց մասնակցության հանձնառությունը»: Ապրիլի 3-ին վեհաժողովի լիագումար նիստում զեկույցը հաստատվել է Հայաստանի համար շահեկան բոլոր առաջարկներով ու ձեւակերպումներով հանդերձ: Ապրիլի 2-ի հետմիջօրեին Սաֆարյանը ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ միասին մասնակցել է Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ հրավիրված բանախոս էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Իր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները ներկայացնելուն զուգընթաց Մամեդյարովը խոսել է նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին` վերստին շարադրելով «օկուպացիայի», «ագրեսիայի» վերաբերյալ բոլորին արդեն ձանձրացրած ադրբեջանական թեզերը, ինչին ի պատասխան նախ հայտարարությամբ հանդես է եկել Նաիրա Զոհրաբյանը, որին հաջորդել է Ս.Սաֆարյանի հայտարարությունը եւ ապա հարցը. «Նախարար Մամեդյարովի ելույթը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ապրում է մեկ այլ իրականության մեջ, որտեղ այն, ինչը միջազգային ու եվրոպական իրավունքում կոչվում է իրավունք, այստեղ այլ կերպ են անվանում: Նախարարը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն անվանեց օկուպացիա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան օրինավոր ու միջազգային իրավունքին համապատասխան է ապագաղութացել ու ինքնորոշվել, որքան Հայաստանը եւ Ադրբեջանը: Մենք խոսում են տարբեր լեզուներով, եւ եվրոպական ինտեգրումը, որի մասին ակնարկեց պարոն Մամեդյարովը, հենց միտված է նրան, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ավելի մոտեցնեն ԵՄ-ին, ընդհանուր դարձնեն եվրոպական արժեքները` իրավունքի գերակայությունը, ինքնորոշումը եւ ժողովրդավարությունը: Այդպիսի արժեքներն ու դրանց նույնական ընկալումն են դառնալու գործընկերության, համագործակցության, ինչպես նաեւ խնդիրների ու փաստերի մասին նույն լեզվով խոսելու հիմքը: Պարոն նախարար, մեր հանձնաժողովին բնորոշ հարցերի` մարդու իրավունքների, ժողովրդավարության փոխարեն դուք խոսեցիք ավելի շատ կոնֆլիկտից ու արտաքին քաղաքական հարցերից, մինչդեռ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները` Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ինչպեսեւ իրավապաշտպան կազմակերպությունները մեծ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության, ազատ հավաքների եւ այլ հիմնարար իրավունքների խախտման կապակցությամբ: Կոնֆլիկտների մասին ձեր տեսակետի փոխարեն կցանկանայինք լսել, թե ինչ քայլեր է կատարել Ադրբեջանը այդ զեկույցներում հնչեցված մեծ մտահոգությունները վերացնելու, այն է` մարդու իրավունքներն ապահովելու ու փաստարկված խախտումները վերացնելու ուղղությամբ»: Մամեդյարովը սոսկ արձագանքել է, թե իրեն հրավիրել են հանձնաժողով` իր տեսակետները լսելու համար, իսկ Սաֆարյանի հարցն ընդհանրապես շրջանցել է, թեեւ չի կարողացել խուսափել հայ պատգամավորների այլ սուր հարցադրումներից: Ապրիլի 3-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները մեկնարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձով, որի ընթացքում անբարեկիրթ, վեհաժողովի շատ պատգամավորների զայրույթը հարուցած որակումներ են հնչել Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին: Հայկական պատվիրակությունը դրան նախ արձագանքել է պատվիրակության ու նրա անդամների հայտարարություններով: Իսկ զեկույցների քննարկման շրջանակում Սաֆարյանը դարձյալ անդրադարձել է Ադրբեջանում ժողովրդավարության լուրջ պակասուրդի խնդրին, որը հանգեցնում է նման անցանկալի դրսեւորումների: «Ցավոք, երեկ հանձնաժողովներում զեկույցների քննարկման ընթացքում մենք ձախողվեցինք մի շարք արժեքավոր առաջարկների ընդունման հարցում, որոնք վերաբերում էին մեր երկրներում քաղբանտարկյալներ ունենալու, քաղաքական հետապնդումների, խոսքի, հավաքների ու այլ ազատություններից մարդկանց զրկելու անթույլատրելիությանը: ... Ես հարցնում եմ եվրոպացի լիբերալ գործընկերներիս. որտե՞ղ են Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչները: Որտե՞ղ են Ադրբեջանի սոցիալիստները: Ի՞նչ է լինելու քաղբանտարկյալների հետ: Ադրբեջանի իշխանությունները ԵԽԽՎ հատուկ զեկուցողին արգելեցին մուտք գործել Ադրբեջան` ծանոթանալու ու հետաքննելու իրավիճակը: Բազմաթիվ մարդկանց սեփականության իրավունքը զանգվածաբար խախտվում է այստեղ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին արգելված է համագործակցել Հայաստանի իրենց գործընկերների հետ: Սա է իրավիճակն այս երկրում»: Վեհաժողովի շրջանակներում Ս.Սաֆարյանը հարցազրույցներ է տվել ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցների, հանդիպել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների ու պատվիրակների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play