Կայացավ քննարկում՝«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ


Կայացավ քննարկում՝«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

  • 14-04-2012 13:49:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2012 թ. ապրիլի 10-ին Երեւանում տեղի ունեցավ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցեցին պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ եւ անկախ փորձագետներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը ներկայացրեց Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին եւ Եվրոպական ստանդարտներին օրենքի անհամապատասխանության վերաբերյալ բազմաթիվ հիմնավորումներ` նշելով իրենց մտահոգությունը դրա գործնական կիրառման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ: Քննարկման ընթացքում ներկայացված տեսակետներն ամփոփելով` «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրում է հետեւյալը. 1. Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին։ Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով»: Սահմանադրության այս իմպերատիվ նորմերից ուղղակի եւ միանշանակ կերպով բխում է, որ որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից որեւէ գործողություն կատարելու կոնկրետ դեպքեր/պայմաններ սահմանող Սահմանադրական նորմի առկայության պարագայում օրենքներով կամ այլ իրավական ակտերով չեն կարող սահմանվել նույն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նույն գործողությունը կատարելու այլ դեպքեր/պայմաններ, եթե Սահմանադրությամբ այլ բան նախատեսված չէ: 2. Սահմանադրության 8.2 կետով ամրագրված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրները, ինչպես նաեւ քաղաքական չեզոքությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով ամրագրված են զինված ուժերն օգտագործելու դեպքերն ու կարգը` «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»: Սահմանադրության 8.2-րդ հոդվածով սահմանված` զինված ուժերի խնդիրների եւ 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված` զինված ուժերի օգտագործման դեպքերի ցանկերն սպառիչ են եւ չեն նախատեսում զինված ուժերի օգտագործման հնարավորություն արտակարգ դրության դեպքում: Օրենքի հեղինակները չեն վկայակոչում սահմանադրական որեւէ այլ նորմ, որով կհիմնավորվեր ներքաղաքական հարցերում բանակի ներգրավումը: Սահմանադրության 8.2 կետով ամրագրված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրների, ինչպես նաեւ զինված ուժերի քաղաքական չեզոքության, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված` զինված ուժերի օգտագործման դեպքերի եւ կարգի վերաբերյալ նորմերի համադրումից ակնհայտ է դառնում, որ զինված ուժերը չեն կարող օգտագործվել ներքաղաքական բաղադրիչ պարունակող ներքին պրոբլեմների լուծման եւ ներքին անվտանգության ապահովման, այդ թվում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգի պարագայում, որի ժամանակ կարող է հայտարարվել արտակարգ դրություն: 3. Սահմանադրությամբ` համապատասխանաբար 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով հստակորեն տարանջատված են ռազմական դրությունը եւ արտակարգ դրությունը, դրանց հայտարարման դեպքերի սպառիչ ցանկը, ինչպես նաեւ հայտարարման եւ իրականացման կարգը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի իմպերատիվ նորմի համաձայն Հանրապետության Նախագահը լիազորված է ռազմական դրություն հայտարարել միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, իսկ զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել եւս մեկ լրացուցիչ իրավական հիմքի` ռազմական դրության հայտարարման պարագայում: Սույն նորմը չի ներառում եւ չի կարող ներառել արտակարգ դրությունը նաեւ այն օբյեկտիվ պատճառով, որ միաժամանակ չեն կարող հայտարարվել եւ՛ ռազմական, եւ՛ արտակարգ դրություն: Մյուս կողմից, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը սահմանում է արտակարգ դրության իրավական հիմքերը, որը չի նախատեսում զինված ուժերի օգտագործում եւ չի օժտում Նախագահին դրանք օգտագործելու իրավասությամբ: Վերը նշված նորմերի վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ օրենքը հակասում է վկայակոչված սահմանադրական նորմերին: 4. Օրենքի հեղինակները, մասնավորապես` Հանրապետության արդարադատության նախարարը, դրա ընդունումն արդարացնելու նպատակով վկայակոչում են Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը, ներկայացնելով Սահմանադրությամբ ռազմական եւ արտակարգ դրությունների հստակ տարանջատումը (ի դեպ, այդ տարանջատումը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման ժամանակ կատարվել է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությամբ), իր դիտարկումները բացառապես արել է արտակարգ դրության` եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընկալումների համատեքստում, որոնց համաձայն ռազմական/պատերազմական ու արտակարգ դրությունները վերաբերում են ոչ թե հարաբերությունների տարբեր ոլորտների, ինչպես Սահմանադրության պարագայում է, այլ ռազմական/պատերազմական դրությունը արտակարգ դրության տարբերակ է: Նման մեթոդական մոտեցման պատճառով Վենետիկի հանձնաժողովը որեւէ կերպ չի անդրադարձել զինված ուժերի օգտագործման պրոբլեմին եւ որեւէ կարծիք չի հայտնել դրա վերաբերյալ, ուստի օրենքի հեղինակների նման վկայակոչումն անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով բազմաթիվ մտահոգություններ է հայտնել օրենքի վերաբերյալ, որոնց զգալի մասը հեղինակներն անհասկանալի պատճառներով անտեսել են, ինչը նաեւ նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այս օրենքի վերաբերյալ բացասական է: 5. Արտակարգ դրության դեպքում զինված ուժերի օգտագործումը կարող է հանգեցնել կոնկրետ անհատի իրավունքի ոտնահարման: Սահմանադրության 46-րդ հոդվածով սահմանված` հայրենիքի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասնակցության պարտականությունը չի ներառում զինծառայողների ներգրավումը պետության ներսում արտակարգ դրության դեպքում: Հակասություն է առաջանում անձին մի նպատակով զորակոչելու եւ մեկ այլ նպատակով ծառայության նշանակելու հանգամանքների միջեւ. ըստ Սահմանադրության նա զորակոչվում է Հայաստանի Հանրապետությանը ծառայելու նպատակով, մինչդեռ ըստ դիտարկվող օրենքի` կարող է նշանակվել բոլորովին այլ ծառայության, ընդհուպ մինչեւ օգտագործվել նաեւ իր հարազատների դեմ. Հիրավի նեո-ենիչերական մոտեցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նպատակով զորակոչված անձանց ծառայության նկատմամբ: 6. Բանակի միակ նպատակը երկրի եւ ժողովրդի պաշտպանությունն է արտաքին զինված հարձակումներից եւ այդ ռեսուրսի օգտագործումը արտակարգ դրության դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ երկրի պաշտպանունակության վրա ու վտանգել հայրենիքի սահմանների անառիկությունը: Մյուս կողմից, թշնամու դեմ մարտնչելու նպատակով նախապատրաստված, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարագայում համարյա ամբողջ կազմով մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները օբյեկտիվորեն չեն կարող բավարար կերպով պատրաստ լինել նաեւ ներքաղաքական պրոբլեմներին առնչվելուն եւ հասարակական կարգ ապահովելուն: Ըստ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության, վերջապես, բանակի ներգրավումը ներպետական գործընթացներում ուղղակիորեն նշանակում է «ներքին թշնամու» ռեակցիոն գաղափարախոսության անհրաժեշտության (հակառակ պարագայում ինչպես պետք է հիմնավորվի զինված ուժերի գործարկումը երկրի տարածքում ոչ արտաքին թշնամու դեմ) ` հանգեցնելով անտագոնիզմի, անհանդուրժողականության եւ ռեպրեսիաների: Արդյունքում էապես կնվազի Հանրապետության բովանդակ պաշտպանական զորությունը, քանի որ արտաքին թշնամու դեմ բանակը կմնա առնվազն առանց բնակչության մի զգալի մասի աջակցության, ինչպես նաեւ կկորցնի բարոյահոգեբանական ներուժի աղբյուրը: 7. Օրենքի հեղինակներն անտեսել են Հայաստանի Հանրապետությունում իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները: 2008թ. մարտի 1-ի դեպքերին հաջորդող զարգացումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար փաստացի անհնար է վիճարկել արտակարգ դրություն սահմանելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի իրավաչափությունը եւ հասնել դրանից դատական պաշտպանություն ապահովելու պետության պարտականության կատարման: Այդ պարտականությունը անտեսող եւ, դրանով իսկ` ժխտող, կոնկրետ դատական ակտերի առկայությամբ եւ բովանդակությամբ հիմնավորվում է, որ թեեւ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մասնավորապես` Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված` իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն ու Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված` խախտված իրավունքները վերականգնելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունում գործնականորեն անհնար է ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի դատական վիճարկումը: 8. Անբավարար ու անհամոզիչ են օրենքի հեղինակների կողմից բերվող` մեծամասշտաբ ահաբեկչական ակտից կամ անվտանգությանը սպառնացող այլ վտանգից բնակչությանը պաշտպանելու նպատակով բանակը ներգրավելու մասին փաստարկները: Տեսականորեն հնարավոր այնպիսի մեծամասշտաբ ահաբեկչական ակտը, որին անհնարին կլինի դիմակայել ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ուժերով` պետության վրա զինված հարձակում է, որի դեպքում պետք է հայտարարվի ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրություն եւ մտցվի համապատասխան իրավական ռեժիմ: Իսկ աղետների ժամանակ հնարավոր իրավախախտումների դեմ պայքարը պետք է իրականացնեն համապատասխան մասնագիտացված կառույցները: Ընդ որում` նման դեպքերի համար պետությունը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտացված ռեսուրս: Հարկ է նշել, որ ժողովրդավար պետությունում բանակը ժողովրդի դեմ չի կարելի օգտագործել որեւէ պարագայում, նույնիսկ, եթե նա հավաքների միջոցով փորձում է փոխել սահմանադրական կարգը, քանզի սահմանադրական կարգ փոխելը, ինչպես եւ սահմանադրական կարգ հաստատելը եւ/կամ ինքնորոշվելը ժողովրդի բնական եւ անօտարելի իրավունքն է: 9. Լուրջ մտահոգություններ է առաջացնում օրենքի ընդունման շտապողականությունը` համապետական ընտրություններին ընդառաջ: Դրանք հիմնավոր կասկածի տեղիք են տալիս, որ օրենքի ընդունման իրական նպատակն է կեղծ իրավական ձեւական տեսք տալ բանակը քաղաքական նպատակներով օգտագործելուն` այն ծառայեցնելով իշխանությունը բռնի կերպով պահելուն: Լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս այն, որ օրենքի ընդունումը նախադրյալներ կստեղծի օտար պետությունների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների զինված ուժերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու նպատակով ներգրավելու համար: 10. Օրենքը որեւէ կերպ չի ապահովում պետության ավելի լավ պատրաստվածություն արտակարգ դրության պայմաններում: Փաստաթղթի որոշ դրույթների անհստակությունները տալիս են լայն մեկնաբանության հնարավորություն: Այն չափից մեծ իրավասություններ է տալիս Հանրապետության Նախագահին` առանց ապահովելու հավասարակշռման ու զսպումների համակարգ: Այն ակնհայտորեն բանակը ծառայեցնում է իշխանություններին, այլ ոչ ժողովրդին: Այն չի տալիս իրավական երաշխիքներ, որ կիրարկելիս չի չարաշահվի ինչպես ներկա, այնպես էլ ապագա Նախագահների կողմից: Այլ խոսքով, նշված օրենքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բռնապետներին ծառայելու համար պրետորիական գվարդիայի վերածելու բովանդակ թույտվություն է: Հաշվի առնելով, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին եւ Եվրոպական ստանդարտներին, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է` 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկմամբ Հանրապետության քաղաքացիներին եւ նրանց անօտարելի իրավունքներին եւ ազատություններին, Հանրապետության ինքնիշխանությանը, դրա տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը սպառնացող հետեւանքների հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որը, հակառակ Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածի պահանջների, չի հետեւել Սահմանադրության պահպանմանը` հանգեցնելով նման հակասահմանադրական օրենքի ընդունման, ստորագրել է այն: 2. Ժողովուրդն իրավունք ունի Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին եւ Եվրոպական ստանդարտներին համապատասխան իրականացնելու իր անօտարելի իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` իր ինքնիշխանության վերահաստատման, սահմանադրական կարգի հաստատման եւ փոփոխման իրավունքները, այդ նպատակով իրացնելու հավաքների, խոսքի եւ այլ ազատությունների իրավունքը: 3. Զինծառայողներն իրավունք ունեն զինվորական ծառայության սահմանափակումների հաշվառմամբ անմիջականորեն գործել մարդու իրավունքներով եւ հիմնարար ազատություններով պետության սահմանափակում նախատեսող Սահմանադրության եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան` այդ նպատակով հրաժարվելով կատարել արտակարգ դրության պայմաններում Հանրապետության զինված ուժերի զինծառայողներին արտակարգ դրության ռեժիմի ապահովմանն ուղղված հրամանների կատարումից: 14 ապրիլի 2012 թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play