Ադրբեջանի կառավարությունը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին՝ «շփման գծի» հարակից գյուղերում


Ադրբեջանի կառավարությունը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին՝ «շփման գծի» հարակից գյուղերում

  • 17-04-2012 14:31:03   | Ադրբեջան  |  Վերլուծություն
Ադրբեջանի կառավարությունը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի «շփման գծի» հարակից գյուղերում եւ օգնում է նրանց վերակառուցել փլատակների վերածված նախկին տները: Երկրի կառավարությունը ձգտում է նպաստել ղարաբաղյան հակամարտության փախստականների վերադարձին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարակից տարածքներում գտնվող գյուղերը, սակայն շատերը պնդում են, որ բնակչության զանգվածային վերադարձը դեռեւս անհնար է տնտեսական զարգացման մակարդակի եւ անվտանգության պայմանների պատճառով: 25-ամյա Փարվիզ Ամիրալիեւը վերադարձել է Աղդամի շրջանի Չիրագլի գյուղ, որը շատ մոտ է գտնվում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին: Ամիրալիեւը պետական աջակցություն է ստանում ադրբեջանական կառավարության`ղարաբաղյան հակամարտության հետեւանքով հարյուր հազարավոր տեղահանված անձանց վերաբնակեցման ծրագրի շրջանակներում: Հակամարտությունը դադարեցվել է 1994-ին կնքված զինադադարով, սակայն խաղաղության համաձայնագիր կողմերը դեռեւս չեն ստորագրել: Ղարաբաղը եւ մի շարք հարակից տարածքներ ներկայում գտնվում են տեղական հայկական իշխանությունների վերահսկողության ներքո, այդ պատճառով ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը չի կարող վերադառնալ այստեղ: Ադրբեջանի կառավարության նախաձեռնած վերաբնակեցման ծրագիրն իրականացվում է «շփման գծի» ադրբեջանական կողմում: Ամիրալիեւը հինգ տարեկան է եղել, երբ նրա ընտանիքը լքել էր Չիրագլին ռազմական գործողությունների ընթացքում: Այժմ նա տուն է կառուցում հրետանային եւ հրթիռային ռմբակոծության հետեւանքով փլուզված իր հայրական տնից մի քանի մետր հեռավորության վրա: Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցման եւ վերականգնման գործակալությունը անվճար շինանյութ է տրամադրում Ամիրալիեւի նման մարդկանց` նպաստելով «շփման գծի» երկայնքով տեղակայված գյուղերի վերաբնակեցմանը: Փախստականներին նաեւ 3,5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է տրամադրվում: «Մենք անմիջական վերահսկողություն ենք իրականացնում շինարարական աշխատանքների վրա, որպեսզի բնակիչներն այլ նպատակներով չօգտագործեն իրենց տրամադրված շինանյութը: Բացի այդ, ողջ շինանյութը միանգամից նրանց չեն տրամադրում: Երբ աշխատանքի մի փուլն ավարտվում է, մենք տալիս ենք հաջորդ փուլի համար նախատեսված շինանյութերը», - IWPR-ին ասաց գործակալության ղեկավար Ահմադ Ահմադովը: Չիրագլիում Ամիրալիեւը եւ նրա հարեւանները`Ֆիրդուսի Գասիմովը եւ Ամիրով եղբայրները միմյանց օգնում են շինարարական աշխատանքներում: Փորձառու շինարար Գասիմովն ասում է, որ ավելի հեշտ էր զրոյից սկսել, քանի որ համարյա անհնար էր վերականգնել երկար ժամանակ դատարկ մնացող հին տունը: Իսկ Ամիրովների նախկին տունը պարզապես հողին է հավասարեցվել ժամանակին, այդ պատճառով դժվար է պատկերացնել, թե այստեղ երբեւէ շինություն է եղել: «Տեսեք, այստեղ սենյակ է եղել, մյուս կողմում էլ սենյակ կար, իսկ այնտեղ ցանկապատն էր: Այժմ ոչինչ չի մնացել», - ասում է Վագիֆ Ամիրովը`իր նախկին տան տարածքը ցույց տալով: «Ես 27 տարեկան եմ հիմա, այն ժամանակ պարզապես երեխա էի, բայց ես հիշում եմ, որ մեր տանը երեք սենյակ կար եւ խոհանոց: Մենք այստեղ էինք տեղափոխվել նախքան պատերազմի սկիզբը: Այստեղ մի տարուց էլ պակաս ենք ապրել», - պատմում է նրա եղբայրը`Խայամ Ամիրովը: Ամիրով եղբայրներն օգնում են իրենց հարեւաններին նրանց տների վերանորոգման գործում, սակայն չեն շտապում Չիրագլի տեղափոխվել. նրանց նախկին տունը չափազանց մոտ է գտնվում ղարաբաղյան զինված ուժերի հետ շփման գծին: Նրանք ասում են`լավ կլիներ, որ իրենց տունը պաշտպանվեր ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի երկայնքով տեղակայված մի շարք գյուղերում (տես`«Ադրբեջանը «շփման գծի» երկայնքով պաշտպանիչ պատ է կառուցում» հոդվածը) կառուցված պատերից մեկով: Այդ «պաշտպանիչ պատերը» կառուցվել են դիպուկահարների կրակից բնակչությունը պաշտպանելու նպատակով: «Պաշտպանիչ պատը թույլ կտա ապահովել «շփման» գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության անվտանգ գոյությունը: Եթե մեր հին տան առջեւ պատ կառուցեն, ապա ես այդտեղ կսկսեմ նոր տան շինարարությունը», - ասում է Խայամ Ամիրովը: Այնուամենայնիվ, տունը վերանորոգող Ամիրալիեւն այլ հարեւաններ կունենա: Ռամիգ Բայրամովը Չիրագլի գյուղում տուն է կառուցում իր զարմիկի համար: «Առ այսօր, ամեն ինչ լավ է ընթանում: Երբ ավարտենք տան շինարարությունը, կհասկանանք, թե ինչ ենք պակաս թողել: Եղբորս տունը չեզոք գոտում էր գտնվում, այդ պատճառով այն ամբողջությամբ հողին էր հավասարեցվել: [Վերակառուցման եւ վերականգնման գործակալությունը] թույլ չտվեց մեզ այնտեղ տուն կառուցել, այդ պատճառով նրանից մի փոքր հեռու ենք այս նոր տունը կառուցում»: Բայրամովի կարծիքով`կառավարությունը պետք է ավելին անի, քան պարզապես շինանյութ տրամադրելը, որպեսզի զարկ տա բնակչության զանգվածային վերադարձին: «Կարեւոր է, որպեսզի մարդիկ իրենց նորից ֆիզիկապես եւ սոցիալապես անվտանգ զգան: Պաշտպանիչ պատերի կառուցման գործընթացը պետք է շարունակվի, իսկ գյուղացիներին պետք է հնարավորություն ընձեռվի գյուղատնտեսությամբ զբաղվել, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց գոյությունը: Մինչեւ այս ամենը տեղի չունենա, քչերը կուզենան վերադառնալ իրենց տները», - ասում է նա: Սեյմուր Քազիմով՝ ազատ լրագրող Ադրբեջանում: «Կովկասյան լրատու» պարբերական
Նոյյան տապան  -   Վերլուծություն