Համատեղ ջանքեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ
18-04-2012 17:49:50 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ապրիլի 18-ին ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված "Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010" ծրագրից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, կարեւորելով համատեղ աշխատանքը եւ համալիր մոտեցումը, նշել է. "Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետեւում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով եւ իրավունքներով":
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական եւ սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Որպես հիմնական խնդիր երկու նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է հայտնաբերվի եւ բացառվի:
Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի "Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում եւ դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը", որը եւս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետությունում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում: