Արմեն Աշոտյան. «Պետությունը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ` որակյալ կրթություն ստանալու համար»
23-04-2012 17:02:42 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լոռու մարզի Սարամեջ համայնքի "Այգ" մանկապատանեկան ակումբի "Քաղաքացիական կրթություն եւ իրավունք" խմբի սաներին, որոնք միաժամանակ ներկայացնում էին Սարամեջ համայնքի միջնակարգ դպրոցի 8-12 դասարանների աշակերտներին: Նախարարի եւ դպրոցականների միջեւ բռնված անմիջական զրույցի ընթացքում Արմեն Աշոտյանը վերջիններիս կոչ է արել լավ սովորել` չմոռանալով, իհարկե, պարտականությունների մասին: "Որպես աշակերտ` ձեր պարտականությունն է նախ լավ սովորել, դրսեւորել լավ վարքագիծ եւ կայանալ որպես Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացիներ: Դա մեր կողմից ձեզ առաջադրված պահանջն է, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ` որակյալ կրթություն ստանալու համար, այն է` նոր դասագրքեր, լաբորատորիաներ, համակարգչային սարքավորումներ",-նշել է նախարարը` աշակերտներին առաջարկելով նաեւ ստեղծել յուրօրինակ փոխօգնության հանձնախումբ` աջակցության կարիք ունեցող մերձավոր ընկերներին օգնելու նպատակով:
Դպրոցականները նախարարին իրենց մտահոգությունն են հայտնել Սարամեջի միջնակարգ դպրոցի մասնաշենքի բարեկարգման, մարզադահլիճի եւ համապատասխան լաբորատորիաների բացակայության հիմնախնդիրների վերաբերյալ: Արմեն Աշոտյանը խոստացել է դիմել "Փյունիկ" բարեգործական հիմնադրամին` դպրոցին քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի լաբորատորիաներ նվիրելու խնդրանքով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քաղաքացիական դաստիարակության, երեխայի իրավունքների, Երեւանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու համատեքստում մարզային միջոցառումների անհրաժեշտության, ինչպես նաեւ դպրոցական օլիմպիադաների, ընդունելության քննությունների եւ գյուղական համայնքներում երիտասարդների հետագա աշխատանքի վերաբերյալ խնդիրներին: