Ռիչարդ Գիրագոսյան. Հայաստանը նախապատրաստվում է նոր ընտրություններին


Ռիչարդ Գիրագոսյան. Հայաստանը նախապատրաստվում է նոր ընտրություններին

  • 02-05-2012 13:23:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռիչարդ Գիրագոսյան, Կովկաս Կովկասյան լրատու # 639 27 ապրիլի, 2012թ. Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` «խաղադրույքներն» օրըստօրե բարձրանում են: Ընդհանուր առմամբ, մայիսյան ընտրությունները համարվում են Հայաստանի իշխանությունների ամենակարեւոր մարտահրավերներից մեկը`երկու հիմնական պատճառներով: Նախ, հասարակությունը, կարծես, ավելի գիտակցված մոտեցում է ցուցաբերում ընտրություններին եւ ավելի մեծ ակնկալիքներ ունի դրանց անցկացման մակարդակից: Այս սպասումները, սակայն, ամենեւին չեն նշանակում, որ հասարակությունը հավատում է իշխանությունների`զգալիորեն բարելավված, «ավելի ազատ ու արդար» ընտրություններ անցկացնելու խոստումներին, բայց ակնհայտ է, որ բնակչության մեծ մասն առավել պահանջկոտ է տրամադրված այդ խոստումները կյանքի կոչելու հարցում: Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն առավել զգալի է այս տարի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք փորձություն են նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգի վստահելիության համար` «դեպի ժողովրդավարությունը շարժվելու ձգտման» եւ, մասնավորապես, նրա կողմից տրված խոստումների իրականացման տեսանկյունից: Երկրորդ գործոնը, որ նպաստում է այս ընտրությունների կարեւորության աճին, այն փաստն է, որ սա առաջին համապետական քվեարկությունն է 2008-ի մարտյան հետընտրական ճգնաժամից հետո, որի արդյունքում ընդդիմադիր ցուցարարների ու ոստիկանության բախումների հետեւանքով առնվազն տասը մարդ զոհվեց, եւ բազում վիրավորներ եղան: Այսպիսով, այս ընտրությունները կարեւոր հնարավորություն են ընձեռում Սարգսյանի վարչակազմին հետընտրական ճգնաժամից հետո նրա նկատմամբ ձեւավորված անվստահության եւ լեգիտիմությունը կասկածի տակ դնող մթնոլորտը մեղմելու համար: Այնուամենայնիվ, լուրջ մտահոգություններ կան գալիք ընտրությունների հետ կապված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ պետական պաշտոնյաների հայտարարություններն ապացուցում են, որ իշխանությունները չեն գիտակցում այս ընտրությունների`շրջադարձային լինելու փաստը: Այսպիսով, ընտրությունների`արդար եւ ազատ մթնոլորտում անցնելու հավանականությունը մեծ վստահություն չի ներշնչում: Միաժամանակ, գալիք խորհրդարանական ընտրություններն արտացոլում են հայաստանյան քաղաքական իրականության մեջ տեղ գտած լուրջ փոփոխությունները: Մասնավորապես, պետության ավանդական քաղաքական մոդելը, որը բնորոշվում էր իշխանության եւ ընդդիմության միջեւ գոյություն ունեցող հակամարտությամբ, փոփոխվել է, եւ հիմնական իրադարձությունները ծավալվում են արդեն իշխող կոալիցիայի ներսում եղած լուրջ եւ խորացող բնույթի հակասությունների շուրջ: Կոալիցիայում ընդգրկված ուժերի միջեւ եղած տարաձայնությունները նույնիսկ առիթ են հանդիսացել նախընտրական շրջանում տեղի ունեցած բախումների համար: Ավելին, այս առճակատումը խորացնում է հակամարտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, երկրում ամենահզոր դիրքերն ունեցող «Հանրապետական» կուսակցության եւ նրա նախկին դաշնակից, իշխող կոալիցիայի կրտսեր անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ, որը ղեկավարում է գործարար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ դաշնակից հանդիսացող Գագիկ Ծառուկյանը: Քանի որ «Հանրապետական» կուսակցությունն ակտիվորեն փորձում է թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը նախընտրական շրջանում, այս հակամարտությունը խորանում է ընտրությունների օրվա մոտենալուն համընթաց: Չնայած «Հանրապետական» կուսակցությունը դեռեւս պահպանում է նախաձեռնությունն իր ձեռքում եւ ունի զգալի առավելություն ներկայիս «վարչական ռեսուրսների» տնօրինման հարցում, այնուամենայնիվ, կուսակցության համար վտանգավոր կարող է լինել նրա չափից ավելի ինքնավստահությունը, որին նպաստում է նաեւ հակառակորդներին թերագնահատելու միտումը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ պետք է հակահարված հասցնի այս քայլերին, ինչը ցույց է տալիս, որ կամ կուսակցության ղեկավարությունը դեռ արդյունավետ ռազմավարություն չի մշակել հակահարվածի համար կամ ուղղակի անկարող է պատշաճ պատասխան տալ: Այն հանգամանքը, որ իշխանություններն անտեսում են հասարակության` երկարաժամկետ փոփոխությունների ու իրական բարեփոխումների վերաբերյալ պահանջները, նույնպես վտանգավոր է իշխող կուսակցության համար: Եվ եթե գալիք քվեարկությունն ավելի բարձր մակարդակով չանցկացվի ու չտարբերվի խախտումներով ուղեկցվող նախորդ ընտրություններից, ապա իշխանությունները թանկ կվճարեն դրա համար: Այնուամենայնիվ, նախորդ ընտրությունների սցենարի կրկնության դեպքում, բացասական արձագանքը չի սահմանափակվի միայն միջազգային ճնշմամբ կամ քննադատությամբ: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո անմիջական արձագանք կհետեւի հենց հայ հասարակության կողմից, որն աճող քաղաքացիական ակտիվություն է դրսեւորում ամենատարբեր ոլորտներում`բնապահպանական խնդիրներից, մինչեւ ավելի լայն` սոցիալական անհավասարության հիմնահարցերը: Հասարակությունը փոխվել է, եւ մարդիկ այս անգամ այլեւս չեն հանդուրժի կեղծիքներով ու խախտումներով ուղեկցվող նոր ընտրություններ: Բայց այս զսպված զայրույթի եւ դժգոհության պատճառը ոչ միայն քաղաքական կյանքում իրական ընտրության եւ ձայնի բացակայությունն է, այլ նաեւ սոցիալական անհավասարությունը եւ շարքային քաղաքացիների անմխիթար ֆինանսական վիճակը: Դժգոհությունները միայն աճում են, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանություններն այլեւս չեն կարող պարծենալ տնտեսական աճի նախկին ցուցանիշներով, որոնք օգտագործվում էին վերջին տարիներին բարեփոխումների ու ժողովրդավարության բնագավառներում առկա թերություններն արդարացնելու համար: Ավելին, Հայաստանի տնտեսության իրական վիճակն արդեն իսկ բացահայտել է. վերջին մի քանի տարվա երկնիշ տնտեսական աճի արդյունքը դարձել է սոցիալ-տնտեսական`աչքի զարնող անհավասարությունը: Եկամուտների անհավասար բաշխումը միայն ավելի է նպաստել սոցիալ-տնտեսական բաժանմանը: Առկա է նաեւ այս սոցիալ-տնտեսական բաժանման աշխարհագրական ասպեկտը` քաղաքների եւ գյուղական շրջանների միջեւ սահմանազատմամբ եւ տնտեսական գործունեության ու հնարավորությունների, ինչպես նաեւ կապիտալի`քաղաքային շրջաններում գերկենտրոնացվածությամբ: Այս անհավասարությունը հատկապես նկատելի է առողջապահության, կրթության եւ այլ սոցիալական ոլորտների որակի եւ հասանելիության մակարդակի միջեւ եղած էական տարբերությունների պատճառով: Ավելի լայն համատեքստում Հայաստանի կայունության գլխավոր մարտահրավերը տնտեսական փոփոխությունների ու բարեփոխումների հրամայականն է հանդիսանում: Սակայն եթե գալիք ընտրությունների մակարդակը չտարբերվի նախկինների դառը փորձից, իշխանությունները կզրկվեն ամուր հիմքերից եւ նրանց համար դժվար կլինի տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել Ավելի իրական, երկարաժամկետ կայունության եւ լեգիտիմության հասնելու համար` Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեն այս ընտրությունները, որպեսզի կարողանան սովորել, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, այլ ոչ թե ուղղակի իշխել: Սակայն եթե իշխանությունները բաց թողեն այս հնարավորությունը, նրանց նկատմամբ ձեւավորված ներկայիս անվստահության մթնոլորտը կարող է վերաճել լուրջ պայթյունավտանգ իրավիճակի: Ռիչարդ Գիրագոսյանը «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրենն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):
Նոյյան տապան  -   Վերլուծություն